20 12 2019

Կարևոր որոշումից առաջ իշխանությունը դիմում է մանիպուլյատիվ քայլերի. Փաստաբաններ

Կարևոր որոշումից առաջ իշխանությունը դիմում է մանիպուլյատիվ քայլերի. Փաստաբաններ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀՀ ոստիկանությունն այսօր տեսանյութ է տարածել, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից « Մարտի 1»-ի գործով տուժած անձին կաշառելու փորձ, որպեսզի վերջինս հրաժարվի իր կարգավիճակից և ցուցմունքից։

Տարածված տեսանյութն ավելի շատ նման է վատ պատրաստված բեմականացմանը։

Պաշտպանական կողմը, ինչպես նաև ՀՔԾ-ն ու մեղադրող դատախազները բազմիցս նշել են, որ «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի՝ Ռ․ Քոչարյանին վերաբերող անջատված մասը ոչ մի կերպ չի առնչվում զոհերին, առավել ևս՝ մարմնական վնասվածք ստացած անձանց։ Հետևաբար, եթե որևէ մեկը փորձել է տուժողին խորհուրդ տալ, թե ինչ ցուցմունք տա, դա բացարձակապես ոչ մի կերպ չի կարող առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին։

Տեսանյութից ակնհայտ է, որ նկարահանումը կատարվել է ամիսներ առաջ։ Հարց է առաջանում, ինչո՞ւ մինչ օրս ոստիկանությունը տեղեկություն չի հրապարակել այս գործի ընթացքի վերաբերյալ և արդյո՞ք որևէ մեկին մեղադրանք է առաջադրվել։ Դրա փոխարեն ոստիկանությունը պահել է այս նկարահանումը և այժմ օգտագործում է՝ որպես ճնշման գործիք դատարանի վրա։

Հարկ ենք համարում ընդգծել, որ առաջին անգամ չէ, երբ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական կարևոր որոշման հրապարակումից առաջ գործող իշխանությունները դիմում են նման մանիպուլյատիվ քայլերի։ Սա դատական իշխանության վրա ճնշում գործադրելու հերթական գործողությունն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ