Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հուշագրի դրույթների հիման վրա Կողմերն իրականացնում են համագործակցություն, գործելով իրենց իրավասության շրջանակներում, պահպանելով իրենց ազգային օրենսդրությունը՝ հետևյալ հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման և քննության ուղղությամբ.
- մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,
- ահաբեկչություն և ծայրահեղականություն,
- զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի, ատոմային և ռադիոակտիվ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն,
- սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,
- կյանքի, առողջության, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ,
- մարդկանց առևտուր, տնտեսական գործունեության ոլորտում կատարված հանցագործություններ, այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափում, մաքսանենգություն, կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստում, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակություն,
- շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ:
Կողմերը համագործակցություն են իրականացնելու մի շարք ուղղություններով և միմյանց ցուցաբերելու են իրավական օգնություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը