26 11 2019

Ոստիկանները հանդիպել են երթուղայինները շահագործողների հետ



Ոստիկանության ներկայացուցիչները հանդիպել են հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Վերջին շրջանում քաղաքացիներն հաճախակի են ահազանգում հասարակական տրանսպորտային միջոցների որոշ վարորդների աշխատանքային բացթողումների մասին, նույնիսկ միջադեպերի վերաբերյալ համացանցում հրապարակումներ արվեցին։

Ոստիկանությունն էլ արձագանքեց՝ իրակացանելով երկօրյա ուժեղացված ծառայություն։ Հասարակական կարգի ու երթեւեկության անվտանգության ապահովման նկատառումներով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր իրավախախտումների համար կանգնեցվեցին հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։ Հայտնաբերվեցին դանակներ։ Որոշ վարորդներ տուգանվեցին։ 10-ից ավելի միկրոավտոբուս էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք, քանի որ վարորդները չունեին համապատասխան վարորդական իրավունքի վկայական։

Այսքանից զատ, նոյեմբերի 25-ին ոստիկանությունը նախաձեռնեց եւս մեկ միջոցառում։ Երեւան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խնդրով մտահոգ կառույցների եւ հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպում, որը գլխավորում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

Ներկա էին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արթուր Բեքթաշյանը, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը ու քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

Ողջունելով ներկաներին` Էդգար Պետրոսյանը նշեց, որ հանդիպումը միտված է հասարակական անվտանգության ապահովմանը եւ ունի կանխարգելիչ նշանակություն`իրազեկել հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների պատասխանատուներին` վերջին օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրած իրավախախտումների եւ որոշ վարորդների աշխատանքային այն բացթողումների մասին, որոնց վերաբերյալ քաղաքացիները հաճախ են բարձրաձայնում:

Խոսելով վարորդների իրավունքների եւ պարտականությունների մասին` Էդգար Պետրոսյանն ընդգծեց, որ մեր քաղաքացիները պետք է հիշեն՝ կանգառներից երթեւեկությունը սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները մյուսների նկատմամբ ունեն առավելություն: Երթուղայինների վարորդներն էլ իրենց հերթին պետք է խստագույնս պահպանեն ոչ միայն երթեւեկության, այլեւ բարեվարքության կաննոները։ Հատուկ անդրադարձ կատարվեց որոշ վարորդների միկրոավտոբուսներում դանակների առկայության փաստերին։

Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանն էլ անդրադարձավ շահագործվող մեքենաների սանիտարահիգիենիկ վիճակին, վարորդների արտաքին տեսքին, նաեւ վարորդ-ուղեւոր միջանձնային հարաբերություններին: Իսկ ճանապահային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալը հիշեցրեց մեքենան վարելիս ծխելու, բջջային հեռախոսով խոսելու արատավոր սովորության մասին, որոնք հաճախ վթարային իրավիճակների եւ վթարների պատճառ են դառնում։

Հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրին, որ բարձրացված խնդիրները պատշաճ կներկայացվեն վարորդներին։ Նրանք հայտնեցին նաեւ ոլորտին վերաբերող մտահոգություններ, հնչեցրին հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ