26 11 2019

«Լավագույն իրավաբանից» մեղադրյալ մեկ քայլ է․ Politik.am

«Լավագույն իրավաբանից» մեղադրյալ մեկ քայլ է․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարություն տարածեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Գևորգ Կոստանյանի գործը լավագույն  օրինակն է ցույց տալու համար տարբեր քրեական գործերի վրա առկա քաղաքական ազդեցությունը։ 

Օրերս մենք գրել էինք, որ իշխանափոխությունից հետո, այս տարվա փետրվար ամսին Նիկոլ Փաշինյանի թիմակիցները Կոստանյանին առաջարկել են Գլխավոր դատախազի պաշտոնը, եթե նա համաձայնի ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։

Հենց այդ օրերին էր, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե Կոստանյանը հանրապետության լավագույն իրավաբաններից է և դեռ պետք կգա մեր երկրին․ «Ես իրեն համարում եմ ՀՀ-ի ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը: Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ մի տեղ իր ծառայությունները մատուցի մեր երկրին: Գևորգ Կոստանյանին դիտարկել քաղաքական միավոր՝ ես պատրաստ չեմ, քանի որ նա չի եղել ՀՀԿ անդամ, որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ լավագույններից է»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը:Կոստանյանը առաջարկը մերժել է, որից հետո էլ որոշում է կայացվել քրեական գործով նրան ներգրավվել, որպես մեղադրյալ։ Սա նոր Հայաստանում հիմք գցած բարքերի լավագույն դրսևորումն է՝ «լավագույն իրավաբանից» մեղադրյալ մեկ քայլ է։ Քաղաքական իշխանության պատվերը չկատարելու դեպքում ամեն մարդը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ