Hraparak.am-ը գրում է․ «Այսօր հայտնի դարձավ, որ, ՀՔԾ-ն որոշում է կայացրել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և 48 ժամ ժամանակ է տվել նրան՝ ներկայանալու վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մեղադրանք առաջադրեն։ Հիշեցնեք, որ տևական ժամանակ է՝ Կոստանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ դասախոսական աշխատանքով է զբաղված, և դեռ այն ժամանակ, երբ ՀՔԾ-ն նրան հրավիրել էր հարցաքննության՝ վկայի կարգավիճակով, Կոստանյանը հայտարարել էր, որ Հայաստան վերադառնալու ժամկետների մասին հստակ կարող է ասել նեյեմբերի վերջին, երբ ուսումնական հերթական քննաշրջանն ավարտվի։ Բայց ՀՔԾ-ն, չգիտես ինչու, որոշեց շտապել և առանց նրան հարցաքննելու՝ անմիջապես մեղադրանք առաջադրել։
«Սա նախատոնական շոու է»,- ՀՔԾ-ի այս որոշման վերաբերյալ Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարեց Գևորգ Կոստանյանը՝ ավելացնելով, որ ՀՔԾ-ի հայտարարությունն իրեն բացարձակ չի զարմացրել, փոխարենը զարմացրել է հապճեպությունը։ «Որովհետև ես շատ երկար բացատրել էի, թե երբ եմ ներկայանալու, երբ որ սեսիան կավարտվեր՝ նոր, բայց այդ հրատապությունն ինքն արդեն խոսուն է։ Հետևաբար մեկնաբանելու անհրաժեշտություն ամենևին չկա։ Ինչ վերաբերում է՝ ի՞նչ հոդվածներով են փորձում մեղադրանք առաջադրել, այդ նույն հոդվածներն են, որի մասին բազմիցս նաև հանրորեն ես ներկայացրել եմ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ»,-ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս ամենից իր հետևությունը մեկն է՝ տասը զոհերի բացահայտման անկարողությունը և անգամ ցանկության բացակայությունը։
-Ի վերջո, պատրաստվո՞ւմ եք ՀՔԾ-ի հայտարարած ժամկետում ներկայանալ, թե՞ ոչ։
-Ես ասել եմ՝ երբ եմ ներկայանալու։ Այն, որ ես անխուսափելիորեն ներկայանալու եմ, դա չի քննարկվում, բայց այս հրատապությունն ինձ մոտ լրջագույն կասկածների տեղիք է տալիս, և կարծում եմ՝ ցանկացած ողջամիտ մարդու մոտ հիմքեր կտա եզրակացնելու քննության ուղղվածության մասին։
-Չե՞ք կարծում, որ սահմանված ժամկետում չվերադառնալու դեպքում հետախուզում կհայտարարեն Ձեր նկատմամբ։
-Դա արդեն հարցի 48-րդ կողմն է։
-Մտավախություն չունե՞ք, որ վերադառնալուն պես կձերբակալեն։
-Դա էլ արդեն հարցի 49-րդ կողմն է։
-Չե՞ք վախենում «նստելուց»։
-Ես, առհասարակ, ոչնչից չեմ վախենում, միայն Աստծու պատժից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը