Նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ, լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
«Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-այս մասին հայտնել են ՀՔԾ-ից։
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2019թ. նոյեմբերի 21-ին «NewsMedia.am» լրատվական գործակալության կողմից հրապարակված` «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող` բռնության ենթարկված քաղաքացու ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Հաշվի առնելով վերոգրյալը` դեպքի և տեսանյութում երևացող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա) կամ զանգահարել (+374)11 900 019 հեռախոսահամարով:
Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարող է ապահովել քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնած անձի գաղտնիությունը:
Նախաքննությունը շարունակվում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը