18 11 2019

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը վրեժխնդրություն է․ Սևակ Թորոսյան․ Tert.am



Tert.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության հետ կապ չունի։ Այս իշխանության նպատակն է, որ Սահմանադրությունը համապատասխանի հեղափոխության օրենքներին, իսկ այս դեպքում մենք չենք կարող խոսել Սահմանադրությունից ու սահմանադրականությունից, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։ 

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը Սահմանադրություն չունի և այսօր իշխանություններն առաջնորդվում են հեղափոխությամբ։

Փաստաբանը դատաիրավական համակարգի նկատմամբ ճնշումը չի կապում միայն Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ Նա համոզված է, որ այս խնդիրը կարող են լուծել դատավորները՝ ոտքի ելնելով։ Փաստաբանը վստահեցնում է, որ Եվրոպայում դատավորների նկատմամբ նման ճնշումներն անձամբ դատավորները չէին հանդուրժի և առնվազն հազար դատավոր ոտքի կկանգներ․«Հայաստանում դատավորներն ամփոփված են իրենք իրենց մեջ, մինչդեռ պետք է դուրս գան, պայքարեն իրենց իրավունքների համար»։

Հարցին՝ հասկանալի է արդյոք, թե ինչու են հայ դատավորները վախեցած և չեն պայքարում իրենց ազատության համար, ինչպես օրինակ՝ մի առիթով արել են Պաղեստինի դատավորները, փաստաբանը պատասխանել է, որ անկախ նրանից, թե ինչ քայլեր կիրականացնի իշխանությունը դատաիրավական համակարգի դեմ, միևնույն է՝ հույսը մնում են դատավորները։

Փաստաբանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությունից, ասել է․ «Երկրորդ նախագահի դատավարությունը մեկ անձի վրեժխնդրությունն է մյուսի նկատմամբ։ Մի մարդ, ով տասը տարի առաջ տեղի ունեցած դեպքերին եղել է դեպքերի մի կողմում, որոշել էր, որ իշխանության գալուն պես պետք է այնպես անի, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի»։ Փաստաբանը չհերքեց նաև, որ իր շատ գործընկերների հետ զրույցներում նա բազմիցս լսել է, որ ոչ աղմկոտ գործերով դատավարություններում փոփոխություն դեպի լավը նկատելի են։Ամփոփելով խոսքը՝ փաստաբանը նշել է, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության վերաբերյալ նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․ «Նամակս ուղղելուց մեկ ամիս անց նախագահ Մակրոնից ստացա պատասխան, որտեղ ասվում էր՝ վստահ եղեք, որ Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ