ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2019թ. փետրվարի 25-ից հանդիսանալով համայնքի ղեկավար եւ պաշտոնատար անձ, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետեւանքների վերացման, ինչպես նաեւ՝ համայնքի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու եւ դրա հետեւանքները վերացնելու լիազորություն, 2018թ. դեկտեմբերի վերջերին տեղեկացել է Վարդենիս քաղաքի «Գառնիկ Կարապետյանի» անվան զբոսայգու տարածքում առանց շինարարության թույլտվության՝ ինքնակամ կառուցած սրճարանի խոհանոցի եւ սրճարան կառուցելու մասին, դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել նշված զբոսայգու տարածքում առանց թույլտվության կառուցված նշված կառույցի հետեւանքները վերացնելու, ինչպես նաեւ՝ ինքնակամ շինության կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը