Հայաստանի Քննչական կոմիտեն պարզաբանել է «Փաստ» թերթի հրապարակումը, ըստ որի Քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ սկանդալ է եղել: Պարզաբանման մեջ նշվում է․
««Փաստ» օրաթերթի այսօրվա համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները: Հայտնում ենք, որ խնջույքի ժամանակ որեւէ վիրավորական արտահայտություն Քննչական կոմիտեի որեւէ ծառայողի, ոչ էլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հասցեին չի հնչել:
Նշենք, որ խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որեւէ անձ չի մասնակցել, հետեւաբար նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, ապա նշենք, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչեւ դրա ավարտը, այնուհետ գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաեւ հիշյալ հյուրանոցից»:
Նշենք, որ «Փաստ» թերթը գրել էր․
«Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ:
Տոնական «քեֆը», որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը, անցկացվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում:
Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից:
Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաեւ վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»:
Այս ամենի հետեւանքը եղել է այն, որ Ռուսաստանի եւ Բելառուսի գործընկերները հեռացել են եւ երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում:
Մեր տեղեկություններով, ՔԿ-ի՝ առանց այդ էլ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը լցվել է, եւ նրանցից շատերը պատրաստվում են լքել այս կառույցը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը