ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց։ Նրան դատարան չեն տեղափոխել։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17։40-ին։
«24 ժամն արդեն անցել է, նիստ չի եղել, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել։ Դատավորը պետք է հանձնարարեր վարույթն իրականացնող մարմինին ներկայացնել կասկածյալին, ինչը չի արվել»,–հայտարարեց Վարոսյանը։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պնդում է՝ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է։
«Քաղբանտարկյալ է հենց այն կետով, որ նա այս պայմաններով չէր կարող ազատությունից զրկված լինել, հիմքը չկար: Դա ինքնին չէր նշանակի քաղաքական բանտարկյալ, եթե քաղաքական էլեմենտ չլիներ, իսկ քաղաքական էլեմենտն ակնհայտ է, դա իշխանությունների, կարծեմ` ակնհայտ ձևով հայտարարված, վկայակոչված քաղաքականությունն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ձերբազատվելու և Սահմանադրական դատարանը վերահսկողության տակ վերցնելու»,-ասաց Մելիքյանը` ընդգծելով, որ շատ հստակ քաղաքականություն է իրականացվում Հրայր Թովմասյանի նկատմամբ «կոլցո» օպերացիա իրականացնելու համար:
«Քանի որ ՔՕ 314 հոդվածը համաներման հոդված է, ես մի բան նշեմ` անկախ ամեն ինչից, եթե մեղադրանքն առաջադրվեր 314-ով, ինչպես կասկածն է առաջադրվել, եթե անգամ այդ գործը հասներ դատարան, դատարանն այդ անձին դատապարտեր, որևէ բացասական հետևանք Արսեն Բաբայանի ազատության համար սա չէր կարող առաջացնել: Արսեն Բաբայանին չպետք է ձերբակալեին։ Ես ակնկալում եմ, որ մենք մի օր վերջ ենք տալու մեր` գնալով ցածրության նոր մակարդակներ գրանցող իրավական մշակույթի քանդման պրոցեսին: Ես հույս ունեմ, որ դա դեռ հնարավոր է»,-նշեց իրավապաշտպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը