07 10 2019

ՄԻՊ-ն արձանագրել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժման իրավունքի խախտումը․Փաստինֆո

ՄԻՊ-ն արձանագրել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժման իրավունքի խախտումը․Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի՝ Սահմանադրության 40-րդ հոդվածով երաշխավորված ազատ տեղաշարժման իրավունքը խախտվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Ամիսներ առաջ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով ցանկանում էր երեք օրով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն նրան թույլ չէի տվել հատել սահմանը՝ նշելով, որ համակարգում նրա ելքի վրա արգելանք էր դրված, չնայած այն հանգամանքին, որ մեկնելու համար Գեւորգյանն ունեցել է դատարանի համապատասխան գրություն: Սրա կապակցությամբ պաշտպանը դիմում-բողոք էր հասցեագրել ՄԻՊ-ին, որն էլ ավելի ուշ վարույթ էր ընդունվել:

Ի պատասխան դիմում-բողոքի՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ կոնկրետ դեպքում խոսքը գնում է մարդու հիմնարար՝ ազատ տեղաշարժման իրավունքի մասին, ուստի դատարանը հարցը պետք է վեր դիտարկեր ֆորմալ ընթացակարգերի մակարդակից՝ այն լուծելով որոշում կայացնելու միջոցով. «Ըստ ՄԻՊ-ի՝ կոնկրետ իրավիճակում Ոստիկանության կողմից դատարանի որոշման չկատարման գործոն է եղել այն, որ դատարանը հարցին անդրադարձել է ոչ թե պատճառաբանված որոշմամբ, այլ օրենքով չնախատեսված փաստաթղթով՝ գրությամբ, այն էլ՝ միասնական պրակտիկայի բացակայության պայմաններում»,-մեզ հետ զրույցում նշեց Էրիկ Ալեքսանյանը:

Վերջինս ընդգծեց, որ Ոստիկանությունն ինքն է ձեւավորել ոչ միասնական իրավակիրառ պրակտիկա բոլոր այն դեպքերի համար, երբ թույլատրում կամ արգելում է այս կամ այն անձի ելքը ՀՀ-ից. «Դեռեւս նախորդ տարի՝ 2018 թվականին, իմ ստանձնած գործերից մեկով պաշտպանյալիս թույլատրել են բացակայել երկրից հենց դատարանի նույնաբովանդակ գրության հիման վրա, որը հասցեագրել էինք Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, ինչի արդյունքում Ոստիկանությունը վերացրել էր իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված սահմանափակումը՝ գրության պահանջները կատարելով առանց որեւէ խոչընդոտի»:

Ալեքսանյանը նշեց, որ ստացած պատասխանում ՄԻՊ-ը եւս արձանագրել է, որ Ոստիկանության պարզաբանումը այն մասին, թե իրենք կատարում են վարույթն իրականացնող մարմնի պահանջները այն դեպքում, երբ գրությունը նշում է պարունակում որոշում կայացրած լինելու մասին, հակասում է հենց Ոստիկանության գործող պրակտիկային եւ վկայում է միասնական պրակտիկայի բացակայության մասին, ինչի պայմաններում հարցի լուծումը, ըստ ՄԻՊ-ի, պետք է տրվի մարդու իրավունքների գերակայության սկզբունքի հաշվառմամբ. «Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻՊ-ը որոշել է հաստատված համարել, որ տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժման իրավունքի խախտում, եւ առաջարկել Ոստիկանությանը զարգացնել պրակտիկան այնպես, որ բոլոր այն իրավիճակներում, երբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմաններում առկա է վարույթն իրականացնող դատարանի գրավոր դիրքորոշում՝ որոշակի վարքագիծ թույլատրելու մասին, որն առերեւույթ անօրինական չէ, այն կատարվի առանց տվյալ մարմնի վարքագծի համապատասխանությունը քրեադատավարական օրենսդրության պահանջներին ոչ իրավաչափորեն գնահատելու»,-նշեց պաշտպանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ