Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող՝ ՀՀ քաղաքացի Տ.Գ-ի կողմից ԻԻՀ-ից խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ Հայաստանում իրացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տ.Գ-ի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նա պարբերաբար հանդիպումներ է ունեցել Տ.Գ-ի հետ, որի ընթացքում թմրամիջոցների ներկրման և իրացման ժամանակ իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տվել և իր հովանավորչության դիմաց գումարներ է ստացել Տ.Գ-ից:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների գնահատմամբ, հիշյալ պաշտոնատար անձի կողմից կատարվել են արարքներ, որոնք դրսևորվել են պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ինչպես նաև նրա կողմից ծառայողական պարտականությունները չկատարելով՝ շահադիտական դրդումներից ելնելով:
Որոշում է կայացվել քրեական գործի նյութերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել նոր քրեական գործ և քննչական ենթակայության կարգով ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը