Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին եւ նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները եւ վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սակայն մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները եւ չեն վճարել հարկերը:
Նման իրավիճակում Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների կողմից իրականացվել են հարկային հսկողության միջոցառումներ: Պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Պետական եկամուտների կոմիտեն եւս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները եւ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը:
Լուրե
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը