ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու և տրամադրելու դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Էդ-Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ տարածքում իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ՝ չունենալով լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ստացված թույլտվություն:
Քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից «Էդ Շին» ՍՊԸ-ի անվամբ կազմվել և տրամադրվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կեղծ լիցենզիա և ներդիր, ինչի հիման վրա, «Էդ Շին» ՍՊ ընկերությունը, փաստորեն, չհանդիսանալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձ, առանց համապատասխան լիցենզիայի, ՀՀ տարածքում իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:
Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը