27 08 2019

Մարտի 1-ին բացի ՀՀ ԶՈՒ-երից որևէ այլ զինվորական չի մասնակցել. Ալումյան

Մարտի 1-ին բացի ՀՀ ԶՈՒ-երից որևէ այլ զինվորական չի մասնակցել. Ալումյան

«Եթե 2008թ.-ի մարտի 1-ին ցուցարարները զինված չեն եղել, որտեղից այսպիսի հարաբերակցություն. 187 վիրավոր ոստիկան և 32 վիրավոր ցուցարար: Սա վկայում է այն մասին, որ ցույցերը խաղաղ չեն եղել, զինված մարդիկ են եղել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«Եվ սա այն դեպքում, երբ ոստիկաններն ամբողջությամբ հատուկ համազգեստով են եղել` զրահաբաճկոն, վահան, հատուկ հագուստ։ Ընդ որում, ոստիկանները հիմնականում այրվածքներ են ստացել ու բեկորային վնասվածքներ, որոնք կարող էին ստանալ միայն նռնակներից։ Լավ, մեղադրանքում գրված է, բայց դուք տեսել եք, չէ՞այդ ամեն ինչը, տեսել եք չէ՞ ինչ էր կատարվում, գիտեք չէ՞, որ Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցությունից դանակի հարված է ստացել այդ խաղաղ ցուցարարներից մեկից, տեսել եք, չէ՞, ոստիկաններին ինչ էին անում, ոստիկաններն ուղղակի շարքով կանգնած, նրանց վրա նետվում են մոլոտովի կոկտեյլներ»,– ասաց փաստաբանը։

Դիտարկմանը, որ մեղադրանքում գրված է՝ ցույցերը խաղաղ են եղել, Ալումյանն ասաց, «խաղաղ ցուցարարներ» ձևակերպման համար փաստաբանը մեղադրում է քննչական մարմնին` հավելելով, որ այդ մարմինը «պատրաստ է իրականացնել տվյալ պահի իշխանության ամենահամարձակ ֆանտազիան»։

Ինչ վերաբերում է մարտի 1-ի զոհերին, Հայկ Ալումյանը նշեց, որ մինչ ինչ-որ մեկին դրա համար մեղադրելը նախ պետք է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրին ով է սպանել. «Տեսաք, հերթական ֆեյքը տարածեցին, որ գտել են սպանողներից մեկին և այլն։ Պարզվեց, որ դա հերթական մոնիպուլյացիան էր։ Երբ կհայտնաբերվեն մարդիկ, որոնք այդ սպանությունը կատարել են, երբ կպարզվի, թե որ կողմից են այդ մարդիկ եղել (դա ամենագլխավոր հարցերից մեկն է), դրանից հետո միայն արդեն կկարողանանք մոտենալ այն հարցին, թե ով է այդ հրամանը տվել»,-ասաց Ալումյանը։

Անդրադառնալով մարտի 1-ին ցուցարարների դեմ բերված զինված ուժերի, այդ թվում` ԼՂ-ից բերված զորքին, փաստաբանը նշեց, որ զորքը բերվել է Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին համապատասխան` զանգվածային անկարգություններն ու պետությանը սպառնացող վտանգը կանխելու համար։

«Այնտեղ կա բան, որ ես իրավունք չունեմ ասելու, քանի որ դա դռնփակ նիստում է եղել։ Բայց ես ասում եմ բան, որի իրավունքը ես ունեմ` բացի ՀՀ ԶՈւ–ից որևէ այլ զինվորական այդ օրը Երևան քաղաքի որևէ հատվածում այդ գործողություններից որևէ մեկին ներգրավված չի եղել։ Դատական դռնփակ նիտում մենք սա ապացուցեցինք։ Դատախազությունը ընդունեց այն, ինչ մենք ասացինք»,- ասաց Ալումյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ