Ռոբերտ Քոչարյանի գործով նոր մանրամասների մասին Sputnik Արմենիան զրուցել է Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի հետ։ Նյութը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի ընթացքը տրամաբանական փուլ է մտել այն պահից, ինչ կողմերը սպասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու Վենետիկի հանձնաժողովի արձագանքներին։ Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Այդ երկու հեղինակավոր կառույցների կարծիքները չափազանց օգտակար կլինեն գործի համար, թեև վերջնական որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնեց պաշտպանը։
Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա։ ՍԴ–ն նաև որոշել էր Քոչարյանի գործի վարույթը կասեցնել` մինչև կառույցներից պատասխաններ ստացվեն։
Օգոստոսի 20-ին Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանին հայտնել է, որ պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Ռոբերտ Քոչարյանի գործով։ ՄԻԵԴ-ից էլ հայտնել են, որ առաջնահերթության կարգով են քննելու Քոչարյանի դիմումը, սակայն դեռևս պետք է կարգավորվի վարույթն ընդունելու հարցը։
Օգոստոսի 29-ին ՍԴ-ն քննելու է Քոչարյանի մեկ այլ դիմում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
«Քրեական դատավարության օրենսգրքում չկա գեթ մեկ կետ, որով կարգավորվում է գործառույթային անձեռնմխելիություն ունեցող անձի քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը։ Սա ոչ միայն պաշտոնաթող նախագահներին է վերաբերում, այլև պատգամավորներին, դատավորներին»,-հայտնեց Արամ Վարդևանյանը։
Պաշտպանի կարծիքով՝ Քոչարյանի գործով ընդհանուր կարգով քրեադատավարական նորմերի կիրառումը խախտում է նրա արդար դատաքննության իրավունքը և անձնական ազատության իրավունքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը