ArmDaily.am-ի հարցազրույցը Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ։
-ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորների բարեվարքության ստուգմանն ուղղված նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի դատավոր դառնալու տարիքային շեմը պետք է դարձնել 25, աշխատանքային փորձն էլ 3 տարի, ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր է 25 տարեկանում դատավոր աշխատել:
-Ես իմ տարբեր հարցազրույցներում դատավորի պաշտոն զբաղեցնող անձի հատկանիշների մասին խոսել եմ։ Իմ կարծիքով՝ դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, որն ունի հրաշալի իրավաբանական գիտելիքներ, և որի արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա: Առաջին պահանջը նշանակում է, որ դատավորը պետք է ստացած լինի հրաշալի իրավաբանական կրթություն և կարողանա ճիշտ մեկնաբանել ու ճիշտ կիրառել գործող օրենքները: Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի անկախ ու համարձակ մարդ, որը կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ՝ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի աշխարհում ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը: Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, այն է՝ հրաշալի իրավաբանական գիտելիքներ և ներքին անկախություն, ապա մոռացեք արդարադատության մասին: Ու տարիքը նշված հատկանիշները ձեռք բերելու համար ունի միայն սահմանափակ նշանակություն։ Բնականաբար հնարավոր չէ 18 տարեկան մարդուց ակնկալել հրաշալի իրավաբանական գիտելիքներ, որովհետև դրանք ձեռք բերելու համար մարդը պիտի ստանա լավ իրավաբանական կրթություն։ Իսկ դրա համար շատ երկար ժամանակ է պետք։ Քանի որ ես ինքս 40 սեմեստրից ավելի (20 տարի) իրավաբանական կրթություն եմ ստացել տարբեր երկրներում ու տարբեր համալասարաններում, ուստի իմ անձնական փորձի հիման վրա կարող եմ ասել, որ միայն մեկ հայկական համալսարան ավարտելով սկզբունքորեն հնարավոր չէ ձեռք բերել հրաշալի իրավաբանական գիտելիքներ։ Գուցե միայն մեկ հայկական համալսարանական իրավաբանական կրթությունը բավարարի վարչական մարմիններում կամ մասնավոր ընկերություններում իրավաբանական աշխատանք կատարելու համար, բայց դատավորի աշխատանքի համար, իմ խորին համոզմամբ, դա բավարար չէ։ Այս տեսանկյունից սկզբունքորեն անհնար է 25 տարեկանում բավարարել հրաշալի իրավաբանական գիտելիքների նախապայմանը։ Բայց քանի որ 25 տարեկան հասակը դատավորի պաշտոն զբաղեցնելու միայն նվազագույն շեմն է, ու միայն 25 տարվա նախապայմանը բավարարելը դեռ բավարար չէ դատավոր դառնալու համար, ուստի ըստ էության ես այդ հարցում առանձնապես լուրջ պրոբլեմ չեմ տեսնում։ Ինձ համար կարևոր է, որ դատավորի պաշտոն զբաղեցնի միայն իմ նշած երկու նախապայմանները բավարարող անձը։ Եթե ինչ-որ մեկը կկարողանա այդ նախապայմանները բավարարել 25 տարեկան հասակում, ապա պիտի կարողանա դառնալ դատավոր։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում։
-Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեման նույնպես քննարկվում է, արդյոք սա Վահե Գրիգորյանի ցանկության իրականացումը չէ՞:
-Չգիտեմ, թե ում ցանկության իրականացումն է, ու դա ամենևին կարևոր չէ։ Կարևոր է, թե արդյոք նախագիծն օրենք դառնալու դեպքում կհամապատասխանի Սահմանադրությանը։ Ձեւական oրենքների գնահատման միակ մասշտաբը բնականաբար Սահմանադրությունն է, որովհետև խորհրդարանական օրենսդիրը կաշկանդված է միայն Սահմանադրությամբ, ի տարբերություն գործադիր և դատական իշխանությունների, որոնք կաշկանդված են ոչ միայն Սահմանադրությամբ, այլ նաև խորհրդարանի օրենքներով։ Խորհրդարանն ինքն իր օրենքով բնականաբար կաշկանդված չէ, այլ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել այն։ Գրեթե բոլոր ձևական օրենքներն օրենք են միաժամանակ նաև նյութական իմաստով, քանի որ բովանդակում են ընդհանուր և վերացական իրավակարգավորումներ, այսինքն՝ իրավանորմեր։ Հետևաբար, օրենքի պարտադիր երկու հատկանիշներն են դրա ընդհանրությունն ու վերացականությունը։ Օրենքի ընդհանուր բնույթը նշանակում է, որ իրավակարգավորումը պիտի գործի բոլոր անձանց համար հավասար։ Օրենքի վերացականությունը նշանակում է, որ իրավակարգավորումը պիտի գործի բոլոր համանման դեպքերի համար։ Օրենքների կարգավորումների միջոցով պետք է նույն կերպ լուծվեն անորոշ թվով իրավիճակներ։ Օրենքի բովանդակությունն ու իմաստը պետք է նույնը լինեն անորոշ թվով հասցեատերերի համար, որի միջոցով խոչընդոտվում է որոշակի անհատների կամ խմբերի նախապատվություն տալը կամ նրանց անբարենպաստ վիճակի մեջ դնելը։ Այդ պատճառով յուրաքանչյուր օրենքի նախապայմանն է, որ այն կարգավորի անորոշ թվով դեպքեր (= լինի վերացական) և ուղղված լինի անորոշ թվով հասցեատերերի (= լինի ընդհանուր)։ Օրենքների ընդհանուր և վերացական բնույթն ունի նաև երեք այլ գործառույթներ։ Նախ՝ այն ապահովում է հավասար վերաբերմունք բոլորի հանդեպ (ՀՀ Սահմ․ 28-րդ հոդ․)։ Այնուհետև այն ծառայում է քաղաքացիների վստահության պաշտպանությանը։ Քաղաքացիները կարող են վստահել այն բանին, որ նմանատիպ դեպքերի վերաբերյալ կընդունվեն նույն որոշումները։ Եվ վերջապես, օրենքների ընդհանուր բնույթն արդարության կարևոր չափանիշ է։ Այս գաղափարը հանդիպում է արդեն Աստվածաշնչում այսպես կոչված Ոսկե Կանոնի տեսքով։ Ոսկե Կանոնը ձևակերպված է Տոբիթի գրքում 4, 17 («Քո հացից կը տաս քաղցածներին, քո հագուստներից՝ մերկերին. եւ ինչ կ՚աւելանայ քեզ պէտք եղածից, ողորմութիւն կ՚անես»), Ղուկասի Ավետարանում 6, 31 («Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց») և Մատթէոսի Ավետարանում 7, 12 («Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»)։ Օրենքների ընդհանուր գործողությունն իր թերևս ամենահռչակավոր ձևակերպումն է ստացել Իմանուիլ Կանտի (1724-1804) կատեգորիկ իմպերատիվում՝ «Handle nur nach derjenigen Maxime, durch die du zugleich wollen kannst, daß sie ein allgemeines Gesetz werde» (Kant, Grundlegung zur Metaphysik der Sitten, 2012, S. 421.)․ [«Վարվիր միայն այնպիսի վարքականոնի համաձայն, որով ղեկավարվելով դու միաժամանակ կարող ես ցանկանալ, որ այն դառնա ընդհանուր օրենք»։] Հետևաբար, հավասարության, արդարության և վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքների ուժով արգելված են առանձին դեպք կարգավորող օրենքները (գերմ․ Verbot des Einzelfallgesetzes)։ Եթե վերը նշավածի լուսի ներքո գնահատենք ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու մասին իրավակարգավորումը, ըստ որի՝ սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած դատավորները նախագիծն օրենք դառնալուց հետո կշարունակեն ստանալ իրենց այժմյան աշխատավարձը, հետո կստանան համապատասխան թոշակ և այլն, ապա ակնհայտ է դառնում, որ այդ կարգավորումը չի վերաբերում անորոշ թվով դեպքերի և անորոշ թվով անձանց։ Այդ իրավակարգավորումն ընդհանուր ու վերացական չէ, որովհետև արդեն իսկ անհատապես հայտնի են այն անձինք, որոնց վրա կարող է տարածվել այդ կարգավորումը, ու նաև, թե քանի նման դեպք է կարգավորվելու օրենքով։ Սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարականի դիմում կարող են ներկայացնել Սահմանադրական դատարանի խիստ որոշակի, արդեն իսկ անհատապես հայտնի դատավորները։ Ուստի առաջարկվող իրավակարգավորումը չունի օրենքի երկու պարտադիր հատկանիշները, որի պատճառով էլ այն ընդունվելու դեպքում կլինի հակասահմանադրական ու անվավեր։ Այն պաշտոնական պատճառաբանությունը (ես լսել եմ արդարադատության փոխնախարարի պարզաբանումներն այս հարցի վերաբերյալ), թե նորմը պարտադրանք չէ, այլ գործում է կամավորության սկզբունքով, ոչինչ չի փոխում այն հարցում, որ առաջարկվող կարգավորումը վերացական ու ընդհանուր չէ։ Այլ գնահատական կունենայինք, եթե նորմը որևէ ժամկետային սահմանափակում չպարունակեր ու տարածվեր նաև ՍԴ ապագա դատավորների կողմից հրաժարական ներկայացնելու դեպքերի վրա։ Առանց ժամկետային սահմանափակման կարգավորման դեպքում դրանով կարգավորվող դեպքերը կլինեին անորոշ թվով, որովհետև հնարավոր չէ կանխատեսել, թե ապագայում քանի դատավոր կուզենա օգտվել այդ արտոնությունից, ու նաև անորոշ կլիներ այն դատավորների շրջանակը, որոնք կուզենան հրաժարականի դիմում ներկայացնել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե ապագայում կոնկրետ ովքեր են դառնալու ՍԴ դատավոր։ Ասվածն անշուշտ ամենևին չի նշանակում, թե նման վերացական ու ընդհանուր կարգավորումն արդեն կլիներ սահմանադրական, որովհետև այդ դեպքում ծագում են ուրիշ հարցեր, մասնավորապես, թե որքանով է արդար հրաժարական տված դատավորին շարունակել վճարել իր աշխատավարձը, կամ ինչու միայն ՍԴ դատավորները պիտի օգտվեն այդ արտոնությունից, բայց ոչ մյուս դատավորները, և այլն, որոնց ես հիմա չեմ անդրադառնա։ Վերևում ներկայացված վերլուծությունը միայն հիմնավորում է առաջարկվող կարգավորման հակասահմանադրականությունը վերացական ու ընդհանուր բնույթ չունենալու հիմքով։ Այսպիսով, առաջարկվող նորմը հակասում է Սահմանադրությանը և ընդունվելու դեպքում կլինի անվավեր։
Հարցազրույցի շարունակությունը՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը