15 08 2019

713 մլն դրամի վարկ անհիմն մարվել է Երևանի բյուջեի հաշվին. Դատախազություն

713 մլն դրամի վարկ անհիմն մարվել է Երևանի բյուջեի հաշվին. Դատախազություն

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթացքում չարաշահումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից Երևան քաղաքի դատախազությունում ստացված տվյալների ուսումնասիրության արդյունքում դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ 2016թ. նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարել «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու հարցի վերաբերյալ: Բանակցությունների վերաբերյալ արձանագրությամբ սահմանվել է, որ Երևան համայնքն ընդունում է ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նվիրատվությունը՝ ստանձնելով դրա ակտիվների ձեռքբերման համար վերցված և դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը միայն «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից հեղինակավոր աուդիտորական կազմակերպության միջոցով իր կատարած ներդրումները, ակտիվներն ու պարտավորությունները գնահատելուց հետո:

Պարզվել է, սակայն, որ բանակցային պայմանավորվածության խախտմամբ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ում աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք ընդունելով ստացված խորհրդատվական մի եզրակացություն, ընկերության հիմնական միջոցների արժեք է սահմանվել 1.788.000.000 ՀՀ դրամը, որից հետո Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի թիվ 655-Ա որոշմամբ նշված ընկերության 100% բաժնեմասը որպես նվիրատվություն փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին: Երևան քաղաքի ավագանու նույն որոշմամբ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «Լոկատոր» ՓԲԸ-ին:

Մինչդեռ, պարզվել է, որ նվիրատվության գործընթացում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ակտիվների իրական արժեքը,  չի համապատասխանում իրականությանը, այն ավել է նշվել 1.051.113.700 մլն ՀՀ դրամով:

Արդյունքում Երևանի քաղաքապետարանը, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության կողմից կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի կողմ չհանդիսանալով, ավագանու 21.12.2016թ. N.655 որոշմամբ  նման պարտավորություն  չունենալով, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության կողմից բանկին ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից կատարել է 713.000.000 ՀՀ դրամի վարկի մարում:

Այսինքն, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ առանց աուդիտորական գնահատման, հիմք ընդունելով խորհրդատվական եզրակացությունը բանակցային գործընթացում ստանձնել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի՝ իրականությանը չհամապատասխանող արժեքով ակտիվների ձեռքբերման համար ստացված վարկի մարման պարտավորությունը։

Միաժամանակ, առանց իրավական հիմքի, 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից 713.000.000 դրամի չափով մարել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները՝ նույն չափի վնաս պատճառելով համայնքին և առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, պարզվել է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017-2018թթ. և 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընկերության աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկման արդյունքում վերջիններիս աշխատավարձերի հավելագրումներ կատարելու, տրանսպորտային միջոցներն առանց վերանորոգելու այդ նպատակով գումարներ դուրս գրելու և փաստացի չշահագործվող ավտոմեքենաներին հատկացված վառելիքի համար գումարներ փոխանցելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր՝ 20.714.515 ՀՀ դրամ:

Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու, ինչպես նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքերի առթիվ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ