Դատախազական ներգործության միջոցներ են ձեռնարկվել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննության ապահովման, այս ոլորտում սխեմատիկ կոռուպցիոն չարաշահումներին նպաստող պատճառները վերացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների իրականացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու, վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների հստակեցման նպատակով:
Արդյունքում նախ պարզվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող կայանների կողմից տևականորեն, համատարած կերպով կիրառված կոռուպցիոն հանցավոր սխեմաներով պետությանն ահռելի նյութական վնաս է պատճառվել: Արդեն տեղեկացվել է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու, կեղծիքների և պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում հարուցվել է ընդհանուր 26 քրեական գործ: Վերջիններիս նախաքննությամբ պարզվել է, որ նշված ոլորտում տեխզննման կայանների պատասխանատու աշխատակիցները 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայություններ մատուցելու, այսինքն առանց տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու, քաղաքացիների կողմից բանկերում կատարվող՝ այդ ծառայության համար նախատեսված 5500-10500-ական ՀՀ դրամ գումարների վճարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ ֆինանսների նախարարություն և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող այդ գումարները: Նախնական հաշվարկներով պատճառված վնասը կազմել է շուրջ 2մլրդ 150մլն ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում, 2019թ. հուլիսի 30-ի դրությամբ, վերականգնվել է ավելի քան 840 մլն ՀՀ դրամը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նկարագրված կոռուպցիոն մեխանիզմների ձևավորմանը նպաստել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրությունում առկա որոշակի բացերը, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծել վարորդների կողմից իրենց տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության ենթարկելու պարտականությունը որպես կանոն չկատարելու համար, ինչն ինքնին ստեղծում է ճանապարհատրանսպորտային երթևեկության անվնտանգության ռիսկեր:Օրենսդրական բացերը հիմնականում պայմանավորված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցնելու կամ չանցնելու փաստը միայն կտրոնի առկայության կամ բացակայության հանգամանքով պայմանավորելուն հանգեցնող իրավական լուծումների, տեխզննության գործընթացի նկատմամբ պետության վերահսկողական հստակ իրավական մեխանիզմների անլիարժեքության հետ: Բացի այդ՝ առկա են նաև անհստակություններ տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման, վճարման գործընթացի իրավակարգավորումներում։
Ելնելով օրենսդրական այդ բացերը վերացնելու, երթևեկության մասնակիցների անվտանգության երաշխավորման պետության պարտավորությունը պատշաճ իրականացնելու, կոռուպցիոն դրսևորումներին նպաստող գործոնները բացառելու անհրաժեշտությունից՝ կատարված ուսումնասիրության արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը