07 08 2019

Անանյանը հայտարարում է լրջագույն դիվերսիայի փորձի մասին․ ՊԵԿ նախկին աշխատակից

Անանյանը հայտարարում է լրջագույն դիվերսիայի փորձի մասին․ ՊԵԿ նախկին աշխատակից

ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությանը։

«Օրեր առաջ ՀՀ ՊԵԿ նախագահ Անանյանը հայտարարեց այն մասին, որ Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի՝ քաղաքացու ինքնավնասման դեպքի կապակցությամբ ՊԵԿ աշխատակիցների կողմից վերջինիս ցուցաբերված օգնության ընթացքում /պետք է հասկանալ խառնաշփոթի/, որոշ անձինք, օգտվելով առիթից, «տարել են» իրենց ապրանքները կամ բեռները։ Թվում է, թե սա շատ միամիտ կամ հերթապահ հայտարարություն էր, բայց պետք է փաստել, որ խոսքը գնում է պետական անվտանգության լրջագույն մարտահրավերի մասին։

Ինչ է ստացվում․ ցանկացած անցակետում, որևէ մեկը կարող է հրահրել շինծու միջադեպ, որի արդյունքում կարող են ինչ-ինչ անձինք «անցկացնել» ցանկացած իր, առարկա, այդ թվում՝ արգելված, օրինակ թմրանյութ, զենք, զինամթերք կամ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող այլ ապրանքներ կամ նյութեր։ Կարելի է անել հետևություն, որ ՀՀ մաքսային սահմանները բացարձակապես անպաշտպան են որևէ ոտնձգությունից․․․․։ Եթե, ըստ Դավիթ Անանյանի, որոշ անձինք այդ խառնաշփոթի ընթացքում «տարել են» իրենց ապրանքները կամ բեռները, ապա՝

1. Ի՞նչ կարող էր լինել դրանց պարունակությունը։

2. Ի՞նչ է արվել առ այսօր՝ այդ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

3. Եթե որոշ անձինք «տարել են» իրենց բեռները կամ ապրանքները, նշանակում է, որ գործ ունենք, դասական իմաստով մաքսանենգության փաստի հետ։

4. Եթե դա այդպես է, ուրեմն այդ ապրանքները կամ բեռները չեն մաքսազերծվել և պետբյուջեին պատճառվել է որոշակի վնաս։

5. Անանյանը հայտարարում է լրջագույն դիվերսիայի փորձի մասին, և պատկան մարմինները պետք է լրջագույն հետևություններ անեն այդ մասին։

6. Հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ նշված դեպքի առիթով։

7. Մի՞թե կարելի է անել այդպիսի, մեղմ ասած, թեթևամիտ հայտարարություն և չմտածել տեղի ունեցածի ծանր հետևանքների պատասխանատվության մասին։

Հ․Գ․ Դա նույնն է, որ ՀՀ պետական սահմանում անձնագրային ստուգման ընթացքում որևէ մեկը հրահրի խառնաշփոթ, և որոշ անձինք, օգտվելով դրանից, հատեն ՀՀ պետական սահմանը առանց հսկողության՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով․․․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ