01 08 2019

Սասուն Խաչատրյանը նկատի չի ունեցել Վահագն Հարությունյանին. փաստաբան

Սասուն Խաչատրյանը նկատի չի ունեցել Վահագն Հարությունյանին. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր` օգոստոսի 1-ին կայացավ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցի քննությունն՝ ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի: Հայցվորը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սասուն Խաչատրյանին՝ հերքել զրպարտության տեքստը։

Նշենք, որ Վահագն Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նրա մեղադրանքի մասին ու ասել, որ գործի քննության շրջանակներում պարկուճներ են  կեղծվել, և  Մարտի 1-ի գործի քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որպեսզի կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը:

Վահագն Հարությունյանի և վերջինիս ներկայացուցիչների կարծիքով՝ Սասուն Խաչատրյանը նմանատիպ արտահայտություն անելու իրավունք չուներ,  այդ արտահայտությունները զրպարտչական բնույթի են:

Այսօրվա դատական նիստին քննարկման առարկա դարձավ գործով ապացույցների բեռի բաշխման հարցը հայցվոր և պատասխանող կողմերի միջև: Թե  կողմերից  յուրաքանչյուրի համար  ինչ հանգամանքներ ապացուցելու պարտավորություն կսահմանվի, դեռևս պարզ չէ. դատարանը դրա վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն կուղարկի կողմերին:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանի ներկայացուցիչ Էդգար Կոտոյանն ասաց, որ Սասուն Խաչատրյանի կողմից արված արտահայտությունները վերաբերում են կոնկրետ քրեական գործի քննության ընթացքին, այլ ոչ թե Վահագն Հարությունյանին: Դիտարկմանը, որ Հարությունյանին վերագրված է ապացույց կեղծելու մեղադրանք, ինչի մասին, ըստ էության, խոսել է Սասուն Խաչատրյանը, Կոտոյանն ասաց, թե հայցվոր կողմն է  փորձում ինչ–որ կերպ քրեական գործի վերաբերյալ Խաչատրյանի արտահայտությունները կապել կոնկրետ Վահագն Հարությունյանի հետ:

«Սասուն Խաչատրյանի արտահայտություններում որևէ ակնարկ չկա Վահագն Հարությունյանի վերաբերյալ»,- ասաց Կոտոյանը:

Նշենք, որ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի նոյեմբերին: Վահագն Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ