Հուլիսի 30–ի երեկոյան ՀՀ ՀՔԾ–ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը NEWS.am-ին տեղեկացրել է, որ Դավիթ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, որ սա ուղիղ կապ ունի իր` որպես դատավորի մասնագիտական գործունեության ընթացքում մեկ այլ գործով կայացված երկու որոշումների հետ։
Երվանդ Վարոսյանը հավելել է, որ ծանոթանալով առաջադրված մեղադրանքի բովանդակությանը՝ կարող է պնդել, որ թեև մեղադրանքի բովանդակությունը շատ առումներով իրականությանը չի համապատասխանում, սակայն անգամ առկա տեքստը չի պարունակում հանցագործության մասին վկայող որևէ փաստական հանգամանք։
«Սա հերթական առիթն էր համոզվելու, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ ուղղակի հետապնդում է դատավորի նկատմամբ, որով փորձ է արվում սաստել նաև մյուս դատավորներին։ Միաժամանակ, այսպես լուծվեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործն այլ դատավորի փոխանցելու հարցը»,– ասել է փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը