29 07 2019

Խորհրդային արդարադատության համակարգը վերականգնելու վտանգ կա․ հայտարարություն

Խորհրդային արդարադատության համակարգը վերականգնելու վտանգ կա․ հայտարարություն

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ նման պայմաններում քրեական հետապնդման հարուցումը վտանգում է ապագա սերունդների՝ անկախ դատական իշխանություն ունենալու իրավունքը։ Այս մասին հայտարարություն են տարածել «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ Արթուր Ղամբարյանը և Թամարա Շաքարյանը։

«Դատական իշխանության անկախությունն ինքնանպատակ կամ ցանկություն չէ և ամենևին դատավորին տրված արտոնություն չէ, քանզի այս սկզբունքի իրացվածությամբ է պայմանավորված տվյալ պետության՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության կայացվածության աստիճանը, ուստի այդ սկզբունքի միայն իրավական ամրագրումը և անկախ դատական համակարգ ունենալու «խոստումները», արդեն իսկ ակնհայտ է, որ բավարար չեն դրա կենսագործումը ապահովելու համար: Հետևաբար, ցանկացած «բացահայտ» կամ «քողարկված» միջամտություն դատավորի գործունեությանն անթույլատրելի է և չի կարող անտարբեր թողնել իրավունքի գերակայության ապահովմամբ մտահոգված մասնագիտական հանրույթին:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական մեղադրանքի հարուցման և նրա նկատմամբ օրենքի խախտմամբ իրականացվող քրեադատավարական գործողությունների մասով մամուլում, ինչպես նաև նրա փաստաբանի կողմից տարածված ցանկացած տեղեկատվություն անկողմանակալ դիտորդի մոտ հարուցել է ողջամիտ կասկած տվյալ գործի անաչառության վերաբերյալ՝ մասնավորապես, պատճառական կապ տեսնելով մեկ այլ հանրային հնչեղություն ունեցող գործով դատավորի կայացրած որոշումների համատեքստում: Նման ենթադրություններ անելու առիթ է հանդիսացել նաև այն, որ մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ դատավորի նկատմամբ նույն փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել էր դեռևս 2019թ․ փետրվարին և այդ որոշումը հաստատվել էր դատախազի կողմից, ապա մայիսի 22-ին, կրկին քրեական գործը հարուցվել է։

Հետևաբար՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է անհապաղ հիմնավորված փաստարկներով համապատասխան պարզաբանումներ ներկայացնի վերը նշված տեղեկությունների համատեքստում, քանզի դատական իշխանության անկախության ապահովման շահը վեր է ցանկացած գործի նախաքննության շահից:

Դատավորի նկատմամբ վերը նշված պայմաններում քրեական հետապնդման իրականացումը խիստ խոցելի է դարձնում մեր ապագա սերունդների համար անկախ դատական իշխանություն ունենալու իրավունքը և ստեղծում խորհրդային արդարադատության համակարգը վերականգնելու վտանգ»,–նշված է հայտարարության տեքստում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ