Հարցազրույց GPartners իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Սարգիս Գրիգորյանի հետ
- Ինչպե՞ս կմեկնաբանեք ԲԴԽ-ի դիրքորոշումն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ։
- Վերջին ժամանակահատվածում անհասկանալի հապճեպ փոփոխության ենթարկվեց Բարձրագույն դատական խորհրդի կազմը, որն իրականում սկսվեց այս տարվա մայիս ամսին` այն պահից, երբ ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը։ Վարչապետ Փաշինյանի քայլերից` հեղափոխության երկրորդ փուլ ազադարարելուց հետո, միմյանց զուգորդեցին հրաժարականները և նոր անդամների ընտրությունները։
Ի միջի այլոց, Բարձրագույն դատական խորհրդը դեռ որևէ միասնական ֆորմալ գնահատական չի տվել «հեղափոխության երկրորդ փուլ»-ի վերաբերյալ, որը միայն առնչվում էր դատական համարկարգին։
Փաստացի, Բարձրագույն դատական խորհուրդը չի կատարում իր սահմանադրական պարտականությունները` երաշխավորելու դատարանների և դատավորների անկախությունը: Այն, ինչ ներկայում իրականցվում է դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, դրա վառ ապացույցն է։ Նա այն դատավորն էր, ով փոփոխել էր Քոչարյանի խափանման միջոցը։
- Ձեր նշած՝ սահմանադրական պարտականությունների չկատարումը ի՞նչ ենթադրությունների հիմք է հանդիսանում, խորհուրդն անկա՞խ է, թե՞ ոչ։
- Տպավորություն ունեմ, որ Խորհուրդն անկախ պետական մարմին չէ, այլ գտնվում է սուբորդինացիոն հարաբերությունների մեջ իշխանության այլ ճյուղերի հետ։ Խախտվել է իշխանությունների տարանջատումը։ Ներկայում Բարձրագույն դատական խորհուրդը կորցրել է իր դերը` զերծ է մնում ապահովելու դատավորների անկախությունը, օրինակ` Ռոբերտ Քոչարյանի գործի շրջանակներում (ամբողջությամբ իրավական անորոշություն է), որը կառուցվածքային պահանջ է իրավունքի գերակայությամբ կառավարվող պետության մեջ։
- ԲԴԽ-ն բացի իր վերաբերյալ հայաստանյան օրենսդրությունից, ունի՞ միջազգային պարտավորություններ և ինչպե՞ս է կատարում։
- Այն, ինչ պետք է աներ Բարձրագույն դատական խորհուրդը, արտացոլված է միջազգային մի շարք փաստաթղթերում, օրինակ` Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 10 (2007) կարծիքում` «Հասարակությանը ծառայող բարձրագույն դատական խորհրդի մասին» կամ նույն կառույցի թիվ 18 (2015) կարծիքում` «Ժողովրդական հասարակությունում դատական իշխանության դիրքը և փոխհարաբերությունը իշխանության այլ թևերի հետ»։
Ընթացող գործընթացներում մեծացել է դատական իշխանության դերը։ Հասարակությունը ակնկալում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ստանձնի առաջատարության իր դերը` նպաստի արդարադատության արդյունավետությանը և որակին աջակցելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի լիարժեք իրականացմանը, և պետք է ամրապնդի հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
- Բարձրագույն դատական խորհրդի կեցվածքը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ի՞նչ դատողությունների հիմք է տալիս։
Ներկա փուլում Բարձրագույն դատական խորհուրդի անգործունեությունը կամ «չեզոք» դիրքորոշումներն ավելացնում են ապացույցների այն արսենալը, որոնք հաստատում են, որ Ռոբերտ Քոչարյանը հանդասանում է արդատարադատության մերժման զոհ և իհարկե, քաղբանտարկյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը