28 07 2019

Կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները․ News.am

Կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները․ News.am

News.am-ը գրում է․

«Ժամանակավորապես կասեցվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:  «Հաստատում եմ, մնացած մանրամասների մասին վաղը ԲԴԽ-ն հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Բեքմեզյանը: NEWS.am-ի հետ զրույցում դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ տեղյակ չէ իր լիազորությունները դադարեցնելու որոշումից։  «Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ինձ ոչ ոք չի իրազեկել»,- ասաց նա` նշելով, որ դեռ արձակուրդում է։

Հիշեցնենք, որ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։ Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչեւ դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը, ինչն ըստ նրա` ապօրինի է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։

Գեորգի Մելիքյանը  NEWS.am–ին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում  կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացումը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է, նա փոխել էր  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` ազատ արձակելով նրան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ