25 07 2019

Զինված ուժերում հանցագործությունները նվազել են. զինդատախազություն

Զինված ուժերում հանցագործությունները նվազել են. զինդատախազություն

ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը նվազել է 84 դեպքով կամ 16.5%-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 58-ով, կամ 18.5%-ով, իսկ այլ, ընդհանուր բնույթի հանցագործությունները ` 26-ով, կամ 13.3%-ով:

2019թ. 1-ին կիսամյակում արձանագրված 425 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր են եղել 66-ը, կամ 15.5%-ը, որոնցից 52-ը` ծանր, 14-ը` առանձնապես ծանր:  Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 1 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 7-ով կամ երեք անգամ:

Ընդ որում՝ արձանագրված 14 առանձնապես ծանր հանցագործություններից 5-ը եղել է սպանություն, որից 2-ը` հակառակորդի կողմից, 9-ը` սպանության փորձ, որից 8-ը` հակառակորդի կողմից:

ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրված  հանցագործությունները, ըստ հանցատեսակների, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ունեն հետևյալ պատկերը.

•             զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 356-360 հոդվածներ/– 159 դեպք, ինչը 2018թ. 1-ին կիսամյակի համեմատ պակաս է 15-ով կամ  8.6%-ով:

•             զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 361-364 հոդվածներ/՝-47 դեպք, կամ 2018թ. առաջին կիսամյակի համեմատ (84) 37-ով կամ 44%-ով պակաս,

•             հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 365-368 հոդվածներ/-3 դեպք, որը 50 տոկոսով պակաս է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ՝ (6 դեպք),

•             ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործություններ կամ  /369-374 հոդվածներ/ -11 դեպք, որը 1-ով կամ 10%-ով վելի է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ,

•             զինվորական պաշտոնեական հանցագործություններ /375-376 հոդվածներ/ -28 դեպք, որը 2018թ. նշված ժամանակահատվածի համեմատ (33) պակաս է  5-ով կամ 15.1%-ով:

•             ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 377-378 հոդվածներ/- 8, կամ 2018թ. նույն շրջանի համեմատ 1-ով պակաս:

 ընդհանուր բնույթի 169 հանցագործություններից նվազում է արձանագրվել նաև կյանքի և առողջության, հասարակական կարգի և բարոյականության, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցատեսակներով: 1-ական դեպքով ավելացել են միայն  անձի ազատության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև սեռական անձեռնմխելիության, իսկ 4-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: 

  2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 425 հանցագործություններից բացահայտվել է 414-ը, կամ 97.4 % -ը:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցագործությունների նվազման հիմնական պատճառներից մեկը շփման գծում հակառակորդի կողմից կատարված հանցագործությունների համեմատական նվազումն է: Կարևոր նշանակություն է ունեցել նաև իրավապահ համակարգի, մասնավորապես ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցների և ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան ոլորտները կարգավորող ստորաբաժանումների աշխատակիցների ամենօրյա և հետևողական աշխատանքը՝ ուղղված հատկապես յուրաքանչյուր դեպքին, զանցանքին կամ կարգապահական խախտմանն արագ արձանագանքելուն և դրանց համապատասխան ընթացք տալով  հետագայում դրանց հանցագործության վերածումը կամ տեղի ունեցած հանցագործությունն ավելի ծանր հանցագործության վերաճումը կանխելուն:

Այս համատեքստում դատախազների կողմից պարբերաբար, հատկապես ՀՀ զինված ուժերը նորակոչիկներով համալրելու շրջանում, այցելություններ են կատարվել զորամասեր, հանդիպումներ են կազմակերպվել զինծառայողների հետ, վերջիններիս հետ տարվել են բացատրական աշխատանքներ, զինծառայողների իրավագիտակցության բարձրացումն ապահովելու համար նրանց անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել հանցատեսակների պատժելիության մասին: ԶՈՒ և այլ զորքերում հանցագործությունների նվազմանը էապես նպաստել է նաև հանցագործության յուրաքանչյուր դեպքի կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների չեզոքացման ուղղությամբ օպերատիվ կերպով դատախազական ներգործության միջոցների կիրառումը, մասնավորապես պատկան մարմիններին դրան ուղղված միջնորդագրեր ներկայացնելու լիազորության գործադրումը, որի ուղղությամբ դատախազների նախաձեռնողականությունը վերջին շրջանում բարելավվել է մոտ 25 տոկոսով:

ԶՈՒ և այլ զորքերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով դեռևս այս տարվա սկզբին, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից առաջնային խնդիր էր դրվել զարգացնելու զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու մասնագիտական կարողությունները, ինչը ոչ միայն զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու, այլ նաև զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կանխպարգելիչ կարոր նշանակություն ունի: Այս ուղղությամբ կատարված աշխատանքները ևս նպաստել են հանցագործությունների ինչպես նվազմանը, այնպես էլ բացահայտման ցուցւանիշների որոշակի բարելավմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ