22 07 2019

Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով կրիչներ հայտնաբերելու համար․ փաստաբան

Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով կրիչներ հայտնաբերելու համար․ փաստաբան

Lurer.com-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ  քրեական գործ հարուցելու մասին որոշումը, խուզարկություն, առգրավում կատարելու գործողությունները վիճարկվել են գլխավոր դատախազին, ինչպես նաև իրազեկել և տեղյակ է պահվել Բարձրագույն դատական խորհուրդին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ 

Նրա խոսքով՝ իրավապահների կողմից գործողություններն ապօրինի են իրականացվել․ «Քրեական գործում առանձնացրել ենք 5 կետից ձևակերպումներ, որտեղ նշված է, որ Դավիթ Գրիգորյանի կողմից կատարվել է պաշտոնեական կեղծիք, նրա մոտ կարող են պահվել քրեական օրենքով արգելված այլ իրեր ու առարկաներ։ Այս բոլորն ուղղակի ձևով մատնանշում են, որ առկա է կասկած, որ Դավիթ Գրիգորյանը կատարել է ենթադրյալ որևէ հանցագործություն, տվյալ դեպքում՝ պաշտոնեական կեղծիք։ Սակայն, ըստ օրենքի, հսկող դատախազը պարտավոր էր դիմել  ԲԴԽ-ից ստանալ համաձայնություն, նոր դատավորի նկատմամբ իրականացնեին քրեական հետապնդում, այնինչ նման համաձայնություն ԲԴԽ-ն չի տվել։ Այս ամենը փաստում է, որ քրեական գործը ապօրինի է հարուցված, և ապօրինի իրականացվող քրեական հետապնդում է իրականացվում»,- ասաց փաստաբանը։

Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ Դավիթ Գրիգորյանի դեմ իրականացվող գործողություններում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, փաստաբանը նշեց․ «Ես կարող եմ փաստն արձանագրել՝ թիրախավորված քննություն է իրականացվում, մասնավորապես՝ խուզարկությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար։ Դա ապացուցում է խուզարկության արձանագրությունը, որտեղ քննիչը մատնանշել է բացառապես և հիմնականում Ռոբերտ Քեչարյանի գործին վերաբերելի միջնորդություններ և կրիչներ։ Նա նույնիսկ կրիչը գործարկել է համակարգչում, տեսել է` կան Քոչարյանի գործին վերաբերող միջնորդություններ, որոնցից 43 թերթը տպել է և կցել արձանագրությանը։ Ի՞նչ իրավասությամբ, ի՞նչ առնչություն ունի 314 հոդվածի գործը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ»,- նշեց փաստաբանը՝ հետևությունները թողնելով մեզ։ 

Մելիքյանը նշեց նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռևս արձակուրդում է։

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում ՀՔԾ-ից հաստատել էին տեղեկությունները, որ մինչ դատավոր Դավիթ Գրիգորյանն արձակուրդում է, նրա աշխատասեյակում խուզարկություն է իրականացվել։ 

Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում էր կայացրել, և վերջինս գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Մայիսի 20-ին էլ դատավորը որոշում էր կայացրել Մարտի 1-ի գործը կասեցնել և ուղարկել Սահմանադրական դատարան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ