15 07 2019

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել`ուղղաթիռի ներգրավմամբ



Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երևան-Սևան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը:

Հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ոչ սթափ վիճակում գտնվող, միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք:

Ուղղաթիռի ներգրավվածությունը օգնում էր ճանապարհային ոստիկանությանը հայտնաբերել նաև օրինախախտ այն վարորդներին, որոնց կատարած խախտումների պահին այդ վայրում չկար ճանապարհային ոստիկանության կարգախումբ:

Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին սպասվում է հովեկների մեծ հոսք դեպի Սևանա լիճ: Քաղաքացիների անվտանգ հանգիստը ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրերին ուղղաթիռներ ներգրավել ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ