12 07 2019

Քաղաքապետարանի դիմացից կրկին ցուցարարներին բերման ենթարկեցին

Քաղաքապետարանի դիմացից կրկին ցուցարարներին բերման ենթարկեցին

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ևս մեկ քաղաքացի Երևանի քաղաքապետարանի դիմացից հուլիսի 12-ին բերման ենթարկվեցին։ Նրանք Էրեբունուց իրենց հետ աղբ էին տարել և փորձում էին այն դնել քաղաքապետարաանի շենքի մոտ:

Սոնա Աղեկյանը, Երևանի քաղաքապե Հայկ Մարությանի լուսանկարով և մի փոքր աղբով փուչիկ արձակելով, ասաց. «Բաց թողեցինք աղբով փուչիկները քաղաքապետի նկարով: Ուղարկեցինք Հայկ Մարությանին, որպեսզի նա հասկանա, որ լինելով համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետը, պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը: Նորից բերել ենք Էրեբունի վարչական շրջանից աղբի տոպրակները, աղբի դույլերը և հանձնում ենք քաղաքապետին, որ նա հասկանա, որ պետք է մաքրի քաղաքը»:

Ոստիկաները նրանց թույլ չտվեցին աղբը թափել քաղաքապետարանի բակում՝ հորդորելով թափել աղբամանում, սակայն նրանք չկատարեցին ոստիկանների պահանջը, և ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին՝ ոստիկանի պահանջը չկատարելու հիմքով։ Որոշ ժամանակ անց Սոնա Աղեկյանին և նրա ուղեկցին ազատ արձակեցին։  «Մենք որևէ քայլ չենք արել, որի համար անհրաժեշտ էր բերման ենթարկել»,-ասաց Աղեկյանը՝ նշելով, որ իրենց բերման ենթարկելն ապօրինի էր։

Սոնա Աղեկյանը հիշեցրեց, որ 2017թ․, երբ իրենք Նուբարաշենից կոյուղաջուր էին հասցրել քաղաքապետարան, ՀՀԿ իշխանությունն իրենց բերման չենթարկեց։

«Ոստիկանության ապօրինի գործողությունները գալիս են հուշելու մեզ, որ մենք այժմ ունենք դիկտատորական ռեժիմ: Նիկոլ Փաշինյանը վախենալով ձեռքերը գցել է փրփուրներից եւ դիկտատորի պես ասում է՝ այստեղ իշխանությունը միահեծան է, ով կնկատի թերությունները եւ կփորձի բարձրաձայնել, նրա դեմը կառնենք ապօրինի գործողություններով՝ օգտագործելով օսիպյանական ոստիկանական ջոկատները:

Չենք վախենում պարոն բռնապետ, մենք գալիս ենք պայքարելու մինչեւ վերջ: Մենք կստիպենք, որ քաղաքապետը կատարի իր պարտավորությունները»,-նշեց Աղեկյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ