Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատարանի՝ հօգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի իր դեմ վճռին
«Արարատի մարզի դատարանը ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել: Վաղը առավել մանրամասն»,- գրել է նա:
Հուլիսի 3-ին Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է մասնակի բավարարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պահանջն ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջով։
Դատարանը պարտավորեցրել է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:
Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ եւ 24 հազար դրամ դատական ծախսերը հոգալու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը