«Հետք»-ը գրում է․ Երկու ամիս առաջ դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, արձանագրել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշմամբ վարույթն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը խախտել է նրա իրավունքը, բայց գույքը մինչև հիմա գտնվում է կալանքի տակ: Գևորգյանի պաշտպանները բողոքարկել են գույքի վրա դրված կալանքը վերացնելու իրենց միջնորդությունը փաստացի մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Բողոքը երեկ մակագրվել է դատավոր Տիգրան Սահակյանին:
Այսպես, մայիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քննելով Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպաններիբողոքը, գտել է, որ այդ որոշմամբ խախտվել է Գևորգյանի իրավունքը: Պաշտպանները բողոք էին ներկայացրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք էր դրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքի շրջանակներում, որը չի նախատեսում գույքի բռնագանձման լրացուցիչ սանկցիա: Նշենք, որ թեև հետագայում Գևորգյանին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել, որն արդեն որպես լրացուցիչ սանկցիա նախատեսում է գույքի հնարավոր բռնագանձում, կալանք դնելու բողոքարկվող որոշումը կայացվել է մինչև կաշառքի դրվագով մեղադրանքը:
Դատավոր Ռոբերտ Պապոյանը, մայիսի 8-ի որոշմամբ արձանագրելով Արմեն Գևորգյանի իրավունքի խախտումը, վարույթն իրականացնող մարմնի` ՀՔԾ-ի վրա խախտումը վերացնելու պարտավորություն չի դրել այն պատճառով, որ դատական ակտի կայացման պահին Մարտի 1-ի գործը, որով անցնում է Արմեն Գևորգյանը, արդեն դատարան էր ուղարկվել, այսինքն` ՀՔԾ-ն այլևս գործով վարույթն իրականացնող մարմին չէր և չէր կարող վերացնել Գևորգյանի իրավունքի խախտումը:
Սակայն, փաստացի, անձի իրավունքի խախտումն արձանագրված է: Նկատի ունենալով Ռոբերտ Պապոյանի որոշումը` Գևորգյանի պաշտպանները դիմել են Մարտի 1-ի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին` խնդրելով վերացնել նրա գույքի վրա դրված կալանքը:
Մեզ հետ զրույցում նախկին փոխվարչապետի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատավոր Գրիգորյանին դիմել են Մարտի 1-ի գործը կասեցված լինելու ընթացքում: Պաշտպանն ասում է` Գևորգյանի պաշտպանական թիմը գիտակցում է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը տառացի մեկնաբանելով՝ կարելի է ասել, թե գործը կասեցված լինելու ընթացքում դատարանն իրավասություն չունի դատավարական գործողություններ իրականացնելու և որոշումներ կայացնելու, բայց այս դեպքում, ըստ Ալեքսանյանի, խոսքն անձի սեփականության իրավունքի գերակայության մասին է, ուստի դատարանին դիմելով` իրենք խնդրել են քննարկել հարցը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը պատասխան գրությամբ հայտնել է, որ միջնորդությունը կքննարկի, երբ գործը վերսկսվի:
«Մենք այս գրությունը դիտարկում ենք որպես որոշում, և դրա դեմ բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ըստ էության, մենք իրավունքի խնդիր ենք բարձրացնում, խնդրում ենք, որպեսզի նման պայմաններում, երբ գործը կասեցված է, բայց խոսքը գնում է անձի անքակտելի իրավունքի մասին, որը գերակա է, դատարանները նախադեպ ստեղծեն և չշարժվեն Քրեական դատավարության օրենսգրքի թերի կարգավորմամբ այն մասին, որ եթե գործը կասեցված է, ուրեմն որևէ դատավարական գործողություն չի կարող իրակաանցվել: Ստացվում է, որ գործը կարող է տարիներով կասեցված լինել, իսկ անձը չի կարողանա անգամ իր աշխատավարձից օգտվել: Այդ դեպքում ինչպե՞ս պիտի գոյատևի»,- հարցնում է Էրիկ Ալեքանյանը:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու որոշումը կայացվել է մայիսի 20-ին: Այս գործի շրջանակներում ի սկզբանե Արմեն Գևորգյանը մեղադրվում էր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Այժմ նախկին փոխվարչապետը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու և կաշառք ստանալու մեջ: Կալանքի տակ է Գևորգյանի ամբողջ գույքը, այդ թվում` աշխատավարձը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը