Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վտանգներին։ Նա գրում է․
«Բռնություններից ամենազազրելի տեսակը հանդիսացող ցեղասպանությունն իրականացրած և այն ժխտող Թուրքիայում (Ստամբուլ քաղաքում) ստորագրվել է բռնությունները կանխարգելող կոնվենցիան: Այդ պատճառով այն կոչվում է ստամբուլյան կոնվենցիա: Սա խորհրդանշական է, հատկապես Հայաստանի համար:
Պետք է կրկնեմ, որ ԴԵՄ ԵՄ որևէ տեսակի բռնությանը, այդ թվում՝ կանանց կամ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ: Բռնությունների դեմ պայքարը պետք է կազմակերպվի օրենսդրական մեխանիզմներով և հետևողական իրավակիրառական պրակտիկա ձևավորելով:
Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից՝
- 34 պետություն է ստորագրել և վավերացրել կոնվենցիան․
- 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լատվիան, Լիխտենշեյնը, Լիտվիան, Մոլդովան, Սլովակիան, Ուկրանիան, Մեծ Բրիտանիան․
- 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան (Ռուսաստանը և Ադրբեջանը):
Ստամբուլյան Կոնվենցիան վավերացնելու դեպքում, կարող են առաջանալ նաև հետևյալ խնդիրները՝(1) Կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա (12-րդ հոդվածի 1-ին մաս).
(2) Կոնվենցիայում օգտագործվող որոշ հասկացություններ հիմք են տալիս պնդելու (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ․
Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են ……. կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։
Կոնվենցիայի այս դրույթը խնդրահարույց է, քանի որ սովորույթների և ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը:
Մեր Սահմանադրությունը նույնիսկ ազգային փոքրամասնությունների ավանդույթները պահպանելու իրավունքն է երաշխավորել (56-րդ հոդված), իսկ կոնվենցիան ընդունելու դեպքում պետք է իր ժողովրդի ավանդույթները արմատախիլ անի: Այս թեզի ընդդիմախոսները կպնդեն, որ բացասական ավանդույթները վերացնելու մասին է խոսքը, բայց ով է որոշելու դա բացասական է, թե՝ ոչ, երբ կոնվենցիայում կան շատ վիճելի հասկացություններ:
Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանումը հասկանալու համար պետք է դիտարկել նաև նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում օգտագործվող «գենդերային ինքնություն» հասկացությունը և դրա վերաբերյալ կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանությունը՝ բացատրական զեկույցը, որի 53-րդ կետը սահմանում է՝
«...Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:
Բացատրական զեկույցն այսքանով չի սահմանափակվում, վերջինիս 87-րդ կետը սահմանում է՝ «Կոնվենցիայի տեսանկյունից անձինք խոցելի են դառնում մի շարք մասնավոր հանգամանքների բերումով, որոնք ներառում են հղի կանանց, փոքր երեխաներ ունեցող կանանց, անկարողություններ ունեցող անձանց .... գեյերի, լեզբուհիների, բիսեքսուալների, տրանսգենդերների ....»:
Սա նշանակում է, որ տղամարդը կոնվենցիայի իմաստով կարող է օրինակ, իրեն կին համարել և ընտրել այդ գենդերը, իրեն որպես կին դրսևորելով հասարակության մեջ: Այս երևույթը չընդունող հայ ժողովրդի ավանդույթն արդեն կհամարվի կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման հիմք:
Այս թեզի ընդդիմախոսները նշում են, որ կոնվենցիան «սոցիալական սեռի» մասին նշում չի պարունակում, մինչդեռ Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիան, որը ստորագրել է կոնվենցիան, սակայն չի վավերացրել, սահմանադրական դատարանի մակարդակով արձանագրել է, որ կոնվենցիան կենսաբանականից անկախ սոցիալական սեռ է սահմանում և հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը:
Ստացվում է, որ Հայաստանը ձգտելով դառնալ Եվրոպայի միության անդամ, ստիպված պետք է վավերացնի ստամբուլյան կոնվենցիան, մինչդեռ Եվրոպայի միության անդամ պետությունը մերժում է այդ կոնվենցիան:
Շարունակելի ․․․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը