21 06 2019

Ասյօր արդեն ոստիկանությունը հանդուրժող չէ. Վալերի Օսիպյան

Ասյօր արդեն ոստիկանությունը հանդուրժող չէ. Վալերի Օսիպյան

Վերջին ժամանակներում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները: Այս մասին հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի օրվա առթիվ միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Թող այն քաղաքացիները, եթե այդպիսիք կան, չփորձեն ՀՀ-ում օրենքից դուրս որեւէ գործողություններ անել, կամ փորձեն ինքնահաստատվել: Նրանք կարժանանան ոստիկանության շատ կոշտ հակահարվածի՝ օրենքի սահմաններում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ «Ադեկվադ» շարժման անդամների սևազգեստների խումբը ակցիաներ է անում և ոստիկանությունն առանց պատճառի նրանց բերման է ենթարկում, եւ կա տեսակետ, որ ոստիկանությունը փորձում է նրանց արհեստականորեն հայտնի դարձնել, Օսիպյանն արձագանքեց.

«Ես չգիտեմ՝ ում մասին է խոսքը: Չեմ կարծում, որ դա կապված է նրանց սև հագուստ կրելու հետ: Հենց այնպես բերման չեն ենթարկում, դա իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով և ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում»:

Հարցին, թե այս ընթացքում քանի սևազգեստ մարդ են բերման ենթարկել, ոստիկանապետը նշեց.

«Բերման ենթարկելը կամ հասարակական կարգը պահպանելը կապված չէ հագուստի գույնի հետ: Մենք առաջնորդվում ենք օրենքով և բացառապես օրենքով են բերման ենթարկվում: Թիվը չեմ կարող ասե»լ:

Օսիպյանը նաև նշեց, որ ուժեղացված ծառայությունը Երևանում և մարզերում շարունակվելու է: Նրա խոսքով այսօր արդեն ոստիկանությունն այլևս հանդուրժող չէ:

ՀՀ ոստիկանապետն անդրադարձավ նաև «Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի շենքի դիմաց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիաներին:

«Յուրաքանչյուր գրասենյակ, յուրաքանչյուր կազմակերպություն, գերատեսչություն ունի մուտք և ելք, որևէ մեկն իրավունք չունի սահմանափակելու ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը: Մենք առաջնորդվում ենք ոչ թե մարդկանց քանակով, այլ նույնիսկ մեկ անձը մարդ է, որի համար պարտավոր ենք ծառայություն մատուցել»,- ասաց Օսիպյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ