ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը Hraparak.am–ի հետ զրույցում անդրադարձել է երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին՝ Ոստիկանությանը կոչ անելով միանալ ՀՀ զինված ուժերի օրինակին։
«Ես, բնականաբար, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մեծ ցավ եմ ապրում, և ևս մեկ անգամ կհորդորեմ ոստիկանության իմ հարգելի և սիրելի գործընկերներին, որովհետև այս պահին շատ կարևոր է ոստիկանության դիրքորոշումը, մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին ու երբևիցե ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ: Մենք այդ փորձն ունենք տարիներ շարունակ, և վառ ապացույց՝ 2018 թվականի հավաքների ժամանակ, անկեղծ եմ ասում, կարող էր ոստիկանությունը ուժ կիրառել, երբ դեռ հրապարակն ամբողջությամբ լի չէր ժողովրդով, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ ուժ չպետք էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Նույնպես էլ հիմա եմ հորդորում ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այն հայտարարությունը, որ Զինված ուժերն արեց, ես՝ ինքս, կանգնում եմ Զինված ուժերի կողքին, և իմ գործընկերներին հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին»,- ասել նա։
Հարցին, թե չեք կարծում, որ դրանով ոստիկանությանն էլ կմեղադրեն քաղաքականացվելու մեջ, ինչպես Զինված ուժերին են մեղադրում դրանում իշխանությունները, Օսիպյանն ասել է․
«Ես չէի ասի, որ քաղաքականացվում է, բայց այնպես չէ, որ նմանատիպ իրավիճակներ մեր երկրում ամեն տարի լինում են: Մեկը ոստիկան է, մեկը ԱԱԾ-ի, աշխատող է, մեկը՝ ՊԵԿ-ի, բայց մինչև իրենք որևէ կառույցի աշխատակից լինելը, նրանք նախ ՀՀ քաղաքացի են, և սա այն պահն է, որ որոշվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Մենք պատմություն ենք կերտում հիմա, և տարիներ անց մարդիկ գնահատական են տալու մեր այսօրվա գործողություններին, և դրանով իսկ պայմանավորված է մեր երկրի անվտանգությունը: Ես չեմ ասում, որ ոստիկանությունը գնա հավաքների մասնակցի: Ես նկատել եմ, որ ոստիկանության իմ որոշ գործընկերներ իրենց պարտականությունները կատարում են շատ բարեխիղճ ձևով, ոմանք էլ, սակայն, իրենց ղեկավարների անօրինական հրամաններն են կատարում՝ անհիմն բերման ենթարկելով, ձերբակալելով խաղաղ ցուցարարներին ընդամենը ինչ-որ արտահայտություն անելու համար:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը