Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հունիսի 13-ին՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի համար հիմքերը բացակայում են, և այդ հարցում հաշվեհարդար տեսնելու վտանգ կա։ Նա նշեց, որ տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքները կլինեն ծանր և կհանգեն հաշիվներ մաքրելուն:
Փաստաբանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ, երբ դիմել էին ՄԻԵԴ Մանվել Գրիգորյանին քաղաքացիական բուժհաստատություն տեղափոխելու հարցով, երկրի կառավարությունը օպերատիվ կերպով արձագանքեց, եւ Գրիգորյանը տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց, իսկ 2-3 ամիս անց Քրեակատարողական ծառայության բժշկական վարչության ղեկավարությունից «Նաիրի» ԲԿ գրավոր դիմում է եղել այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն Մանվել Գրիգորյանի բուժման համար բոլոր հնարավորություններն ունի:
«ՄԻՊ-ը եւս փաստել է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկան պայմաններ Մանվել Գրիգորյանի համար, որին ողջ օրը արհեստական շնչառության սարքավորում է միացված: Ուղղակի հրահանգ կա հաշվեհարդար իրականացնել Մանվել Գրիգորյանի հանդեպ: Դիմում եմ ՀՀ իշխանությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե մոտակա ժամանակներում չպատժեք Մանվել Գրիգորյանի հանդեպ անօրինականություն կատարողներին, դիմելու եմ ՄԻԵԴ։ Այսինքն՝ թքած ունեին կառավարության եւ ՄԻԵԴ դիրքորոշման վրա»,- ասաց Լևոն Բաղդասարյանը՝ շեշտելով, որ բժիշկների կոնսիլիումի եզրակացությամբ՝ Մանվել Գրիգորյանը 30-ից ավելի հիվանդություն ունի, մինչդեռ կալանավորելու պահին երեք ծանր հիվանդություն ուներ, այսինքն՝ հիվանդությունների մեծ մասը Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել կալանավորված ժամանակ։ Փաստաբանը հավելեց, որ նրա վիճակը ենթադրում է անդամահատում։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին մեղսագրվող զենքի ապօրինի պահպանմանը, փաստաբանը նշեց, որ հայտնաբերված զենքն իսկապես եղել է իր պաշտպանյալի պանսիոնատում, սակայն այն այլ անձ է կառավարել, իսկ քննչական մարմինը դրանից շոու է սարքել, տեղեկատվություն տարածել, իսկ մարդիկ հավատացել են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը