«Գլխավոր դատախազությունը կարող է վերաքննության կարգով բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դատավորի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանը չունի իրավասություն գնահատելու՝ արդյո՞ք հիմնավոր է Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի որոշումը», - «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը՝ կարծիք հայտնելով, որ բողոքի դեպքում Վերաքննիչը կա՛մ գործը վարույթ չի ընդունի, կա՛մ ընդունելու դեպքում այն կմերժի:
Մինչդեռ, երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելն իրավաչափ է, և առաջիկայում պատրաստվում են այդ քայլին դիմել:
Դատախազությունը հղում է անում Քրեական դատավարության օրենսգրքի 376 պրիմ մեկ հոդվածը, որի համաձայն, առաջին ատյանի դատարանի գործով վարույթը կասեցնելու որոշումները ևս վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են։
Օրբելյան. - Զուտ որպես կասեցման որոշում, կարելի է բողոքարկել, ուղղակի Վերաքննիչ դատարանը պետք է ընդամենը պարզի այդ դեպքում մի հանգամանք՝ արդյո՞ք առաջին ատյանի դատարանը դիմել է Սահմանադրական դատարան, թե՞՝ ոչ, ուրիշ ոչ մի հարց Վերաքննիչ դատարանը չի կարող պարզել։ Եթե դիմել է Սահմանադրական դատարան, ապա կասեցման որոշումն օրինական է։ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի, ըստ գործող օրենսդրության, անդրադառնալ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորումների մեջ։ Եթե դատարանը գտել է, որ ինքն իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, ապա կասեցումն օրինական է։ Կասեցման որոշման օրինական կամ անօրինական լինելու համար անհրաժեշտ է պարզել մի հանգամանք՝ արդյո՞ք դատարանը դիմել է Սահմանադրական դատարան, կամ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Պատասխանն՝ այո է։
«Ազատություն». - Կասեցումն օրինակա՞ն էր, օրինական չէ՞ր, Սահմանադրական դատարան կարո՞ղ էր դիմել, թե՞՝ ոչ, իրավունք չուներ․․․․
Օրբելյան. - Ինքը դառնում է օրինական, հենց որ առաջին ատյանի դատարանը որոշում է դիմել Սահմանադրական դատարան։ Այ էդ որոշումն՝ արդյո՞ք ինքն իրավունք ուներ, իրավունք չուներ, ճիշտ է գնահատվել, ճիշտ չի գնահատվել, արդեն Վերաքննիչ դատարանի իրավասությունից դուրս է գալիս, դա Սահմանադրական դատարանն է գնահատում՝ վարույթ ընդունելով կամ վարույթ չընդունելով։
«Ազատություն». - Այսինքն՝ եթե Սահմանադրական դատարանը տեսնի, որ սխալ է, ապա վարույթ չի ընդունի և հետ կուղարկի դիմումը։
Օրբելյան. - Եթե առերևույթ սխալ լինի, վարույթ չի ընդունի, բայց եթե առերևույթ սխալ չլինի, բայց խնդիրներ լինեն, որ ինքը գնահատում է, որ կարող է քննարկման առարկա լինի, ինքը վարույթ կընդունի։ Վարույթ ընդունելը դեռևս չի նշանակում, որ կբավարարվի միջնորդությունը, Սահմանադրական դատարանը կարող է գտնել, որ նորմը համապատասխանում է Սահմանադրությանը, հակասում է Սահմանադրությանը, կամ համապատասխանում է Սահմանադրությանը՝ որոշակի մեկնաբանությամբ։
«Ազատություն». - Եվ նորից գործը հետ կուղարկի դատարան, այո՞։
Օրբելյան. - Այո, իհարկե, անկախ ամեն ինչից Սահմանադրական դատարանի որոշումից հետո գործը վերադառնալու է նույն դատարան՝ գործը շարունակելու համար։
«Ազատություն». - Ըստ էության, ստացվում է, Ձեր ներկայացմամբ իհարկե, որ անհնար է Վերաքննիչ դատարանը որևէ քննություն սկսի այս մասով՝ և՛ գործը կասեցնելու, և՛ այն Սահմանադրական դատարան ուղարկելու կապակցությամբ:
Օրբելյան. - Չէ, սկսելու է քննությունը, մերժելու է բողոքը, ուրիշ ոչ մի բան։ Եթե նույնիսկ վարույթ ընդունի, համոզված չեմ, որ ինքը վարույթ է ընդունելու, մերժելու է բողոքը։ Վերաքննիչ դատարանը չի կարող Սահմանադրական դատարանի փոխարեն ասի՝ «չէ, օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը», էդ հարցը կարող է պատասխանել միայն Սահմանադրական դատարանը որպես վերջնական ատյան։
Այս փուլում, փաստաբանի կարծիքով, խափանման միջոցի հարցը քննարկել հնարավոր չէ
Ինչ վերաբերում է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ առաջին ատյանի դատարանի դատավորի որոշումը բողոքարկելուն, և նրան նորից կալանավորելու հնարավորությանը, փաստաբան Արամ Օրբելյանի համոզմամբ, քանի որ գործը կասեցված է, ապա այս փուլում որևէ դատավարական գործողություն իրականացնել հնարավոր չէ։
«Ընդհանուր իրավունքի տեսանկյունից կարծում եմ, որ պատասխանը ոչ է, բայց հատուկ ուսումնասիրություն չեմ արել՝ արդյոք դատական պրակտիկան այդ հարցում ինչպես է զարգացել, որպեսզի կարողանամ ավելի մանրամասն վերլուծություն անել», - ասաց Օրբելյանը։
Հարցին, թե պարզ չէ՞՝ կարո՞ղ են բողոքարկել այս փուլում, թե՞՝ ոչ, Օրբելյանը պատասխանել է. - «Չէ, կարծում եմ, չի կարող։ Այսինքն՝ առաջին մոտեցումը «չի կարող»-ն է»։
«Չեմ հերքում՝ Հրայր Թովմասյանն իմ կնքահայրն է»
Ի դեպ, մամուլը գրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կնքահայրն է:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս հանգամանքը շահերի բախում չի կարող առաջացնել, Օրբելյանը պատասխանել է, թե ոչ՝ միաժամանակ հաստատելով, որ Թովմասյանն իր կնքահայրն է։
«Այստեղ թաքցնելու որևէ խնդիր չկա, որ իմ կնքահայրն է, բայց դա որևէ կերպ ես չեմ տեսնում, որ կարող է խոչընդոտել գործը։ Ես տվյալ գործով ընդամենը պաշտպաններից մեկն եմ, ես ո՛չ մեղադրյալն եմ, ո՛չ ամբաստանյալն եմ, գործն անձամբ ինձ չի վերաբերվում։ Արդյո՞ք պարոն Թովմասյանը իրեն ինչ-որ չափով կաշկանդված զգում է, թե՞՝ ոչ, կխնդրեմ իր հետ քննարկեք։ Ցավոք սրտի, գործի շրջանակներում ես փորձում եմ հնարավորինս չշփվեմ նույնիսկ այլ հարցերով իր հետ, որ հանկարծ հետագա քննարկումների առիթ չտամ նաև այդ հարցով», - ասել է նախկին նախագահի պաշտպանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը