«Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետև քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»:
Դատական համակարգի վիրահատական փոփոխություններին վերաբերող ելույթի ընթացքում վարչապետի այս հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հիմնավորում դատական համակարգի վերաբերյալ մտահոգությունները:
1. Այդ ո՞ր կոռուպցիոն բացահայտումն է հասել դատարան, որ դատարան էլ ջուրն է նետել: Տասը տարի շարունակ մամուլը հեղեղված էր երկրի հիմնական կոռուպցիոներների մասին տեղեկատվությամբ, տարբեր կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ լրագրողական հետաքննություններ էին անցկացվում, հանրահավաքներում և ԱԺ ամբիոնից կոնկրետ կոռուպցիոն մեղադրանքներ էին ներկայացվում, բայց այդ գործերից որևէ մեկը դատարան այդպես էլ չի հասել, բացեք Դատալեքսը և փնտրեք: Այդ դեպքում որտեղի՞ց ծագեց բացահայտումները ջուրը նետելու վերաբերյալ անհանգստությունը: Ինչու՞ ենք խեղաթյուրում իրականությունը։
2. Տասը տարի շարունակ ընդդիմադիր մամուլը ներկայացնում էր շուրջ մեկ տասնյակ կոռուպցիոներների անուններ: Ու՞ր են այդ մարդկանց վերաբերյալ քրեական գործերը: Պարզվեց, որ մեր երկրի ամենամեծ կոռուպցիոներները դպրոցների տնօրենները, պահակներն ու էլեկտրիկներն են կամ պոլիկլինիկաների բուժքույրերը: Իսկ մարդիկ, ում մասին խոսում էր մամուլը, որոշակի «պայմանավորվածությունների» արդյունքում հանգիստ շրջում են օտար պետություններում, հանգիստ լքում են երկիրը, վերադառնում՝ հաջորդ պայմանավորվածությունների համար:
3. Անընդհատ հայտարարվում է, որ այս կամ այն անձը պետությանը գումարներ է նվիրաբերել: Բայց այդպես էլ հասկանալի չէ, թե դա ինչ գումար է, ինչպես է բյուջե մուտք արվել, և արդյո՞ք բյուջե է մուտք արվել, ինչ հիմնավորմամբ, ի՞նչ գործի շրջանակներում կամ դատական ինչպիսի ակտի հիման վրա: Դա էլ է քննչական մարմինների այն կանխավարկածից ելնո՞ւմ, որ իրենց գործը դատարանները ջուրն են նետելու և ավելի լավ է «պայմանավորվածությունների» և «մուծվելու» արդյունքում հեշտ ճանապարհով հարցը լուծել:
4. Թե՞ դատարանների նկատմամբ քննչական մարմինների անվստահության արդյունքում է, որ կոռուպցիոն սխեման դեռ ամբողջությամբ չբացահայտված տարբեր պաշտոնյաներ ամենաբարձր ամբիոններից լուրջ դեմքով հայտարարում են դեռևս մինչև վերջ չբացահայտված հանցանքի մասին, արդյունքում գլխավոր կոռուպցիոներները հանգիստ թաքնվում են քննությունից, հայտնվում Հայաստանից դուրս: Չես իմանում՝ նախապես պայմանավորված, թե ուղղակի։ Այսինքն՝ այս դեպքում էլ է քննչական մարմինների աշխատանքի անարդյունավետությունը, անհեռատեսությունը «բացահայտումները ջուրը նետելու» կանխավարկածից ելնո՞ւմ:
5. Դատարան հասած հանրային հնչեղություն ունեցող միակ կոռուպցիոն «բացահայտումը» Սիլվա Համբարձումյանի իրարամերժ, անլուրջ ցուցմունքների հիման վրա հարուցված գործն է: Ու այստեղ համոզվում ենք, որ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետության վրա իսկապես ինչ-որ բան ազդում է: Հակառակ դեպքում օբյեկտիվության և միակողմանիության տեսակետից կասկածներ հարուցող այդ գործը դատարան չէր հասնի:
Եվ գլխավոր հարցը. այդ որ օրվանից նախաքննության մարմինները դարձան ավելի վստահելի, քան դատարանները: Կամ ո՞ր օրվանից քննչական մարմինները դարձան դատական համակարգից բողոքողներ: Երկար տարիներ դատարանները հանդիսացել են նախաքննության մարմինների և դատախազության գործերը դակող կառույց: Եվ եթե մեկ-երկու գործի քննություն դուրս եկավ նախաքննական մարմինների վերահսկողությունից, դա դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմինների «որակյալ» քննած գործերը դատական համակարգի կողմից ջուրն են նետվել: Դա նախաքննության մարմինների ոչ պրոֆեսիոնալ, ձախողված աշխատանքին տրված օբյեկտիվ գնահատական է, ինչը պետք է վաղուց արվեր:
Իսկ ով է ասում, որ նախաքննական մարմիններն ավելի վստահելի են, քան դատարանները, և նրանց կայացրած որոշումներն ավելի օբյեկտիվ են, քան դատարաններինը: Եվ ի՞նչ, հիմա քաղաքական անհրաժեշտությունից դրդված մեզ նորից վերահսկելի և «դակող» դատարաններ են պետք:
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը