ԵԽԽՎ–ի մոնիթորինգային խմբի հայտարարությունը հերթական անգամ հաստատում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայտարարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ։
«Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, քանի որ նրան քրեական հետապնդման ենթարկելու հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ։ Այս հանգամանքը հիմնավորվեց Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններով և կոչով։ ԵԽԽՎ–ի մոնիթորինգային խումբն արձանագրել է, որ Հայաստանում առկա է ակնհայտ ազդեցություն դատական իշխանության վրա, և ԵԽԽՎ–ն ուղղակի կապ է արձանագրել այդ գործողությունների և Քոչարյանի գործով որոշման միջև։ Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կոչ են արել առաջնորդվել միայն օրենդրական ճանապարհով, ինչը նշանակում է, որ ոչ թե պետք է դատարանների դռներ փակել և պարալիզացնել դատարանների աշխատանքը, այլ պետք է վերադառնալ իրավական դաշտ»,- ասել է նա։
Փաստաբանի խոսքով՝ այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է ՄԻԵԴ-ում հաստատելու, որ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։
Անդրադառնալով «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմի՝ Հայաստանում տեղի ունեցած դատարանների արգելափակման վերաբերյալ հայտարարությանը, փաստաբանն ասել է . «Եվրոպական միության կառույցների արձագանքը վկայում է, որ որ երեկ մեր երկրում տեղի ունեցած դեպքերը հակասահմանադրական են և ճնշում են դատական համակարգի նկատմամբ»։
Գրիգորյանի գնահատմամբ՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործողությունները միաժամանակ խախտում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի մի քանի դրույթներ՝ այդ թվում արդար դատաքննության և խտրականության արգելքի վերաբերյալ դրույթները։ «Այս ընթացքում Քոչարյանի գործով թաքնված օրակարգ է եղել, որը երեկ դուրս եկավ ջրի երես և կրկին ավելացրեց ՄԻԵԴ–ում մեր ապացույցների արսենալը»,- ասել է նա։
Գրիգորյանը միաժամանակ տեղեկացրել է, որ դեռ չեն որոշել երեկվա դեպքերի առնչությամբ լրացնել Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացված գանգատները, թե նոր գանգատ ներկայացնեն ՄԻԵԴ։
«Բացի դատարանների նկատմամբ ազդեցությունից, այլևս պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում արդարադատության մերժման զոհ է, ինչը հիմք է ՄԻԵԴ նոր գանգատ ներկայացնելու համար»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը