16 05 2019

Տապալո՞ւմ, թե՞ սուտ մատնություն

Տապալո՞ւմ, թե՞ սուտ մատնություն

«Հայոց Տուն» կենտրոնը դիմել է ՀՀ դատախազությանը` պահանջով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած թիմի դեմ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին և 2018թ. հոկտեմբերի 2-ին կատարած սահմանադրական կարգի տապալման և իշխանության վերացման համար

 Սա հաղորդում է, պարո՛ն Դավթյան, հաղորդում

2018թ. դեկտեմբերի 6-ին Yerevan.today.am կայքում հրապարակված «Տաս տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը» հոդվածումս ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրել եմ այն փաստի վրա, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած խմբի կողմից երկրում տապալվել է սահմանադրական կարգը և յուրացվել իշխանությունը: Դա, ըստ էության, հաղորդում էր կատարված հանցագործության մասին: Դատախազությունը ոչ մի կերպ չարձագանքեց: Եվ միայն այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին Yerevan.today.am-ում հրապարակվեց իմ երկրորդ` «Դե´, պարոն Դավթյան, դուխո´վ» հոդվածը, որտեղ բացի վերը նշված հաղորդման մասին հիշեցումից, շեշտադրում էր արվում այն հանգամանքի վրա, որ գլխավոր դատախազությունը չարձագանքելով լրատվամիջոցում հրապարակված հանցագործության մասին հաղորդմանը կատարում է քրեորեն պատժելի արարք, դատախազությունը դուրս եկավ Լուկաշենկոյի նկարագրած կարգավիճակից և, վերջապես, հինգամսյա ուշացումով «դուխով» պատասխանեց իմ հաղորդմանը` ինձ ուղարկվեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի ստորագրությամբ մի գրություն, որտեղ իրավագիտության տեսակետից մսուրմանկապարտեզային մակարդակի փաստարկներով փորձ է արվում արդարացնել դատախազության անգործությունը: Այսքան է դատախազության «դուխը», երբ հանցագործություն է կատարում Փաշինյանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ա. Դավթյանը Փաշինյանի անունը լսելիս ինքնազոհաբար կարկամում է, ինչպես նապաստակը օձի բաց երախի առջև: Ինքնազոհաբար, քանզի իրավունքի տեսակետից նա անխուսափելիորեն պետք է պատասխան տա ՀՀ քր. օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված արարքի` պաշտոնեական անփութության համար:

Բերեմ «Դե´, պարոն Դավթյան, դուխո´վ» հոդվածից մեկ հատված.

2018թ. դեկտեմբերի 6-ին Yerevan.today.am կայքում հրապարակված «Տաս տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը» հոդվածիս «Դե´, պարոն Դավթյան, դուխով» մասում ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրել այն փաստի վրա, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած խումբը տապալել են սահմանադրական կարգը և յուրացրել իշխանությունը: Դա, ըստ էության, հաղորդում էր կատարված հանցագործության մասին (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված է. «լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախատեսվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցություններում:»): Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազության ուղղակի պարտականություններն են (ՀՀ քր. դատ. օրենսգիրք, 27-րդ հոդված) անհապաղ քննարկել և լուծել այդ հաղորդումը, ինչը օրենքի ուղղակի պահանջն է. «Հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում» (ՀՀ քր. դատ. օրենսգիրք, 180-րդ հոդված, 1-ին կետ):

Եվ` «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին» (ՀՀ քր. դատ. օրենսգիրք, 181-րդ հոդված):

Սակայն, առ այսօր, ՀՀ գլխավոր դատախազությունը չի անդրադարձել այդ հաղորդմանը, պահպանում է քար լռություն, ինչով կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված արարք` պաշտոնեական անփութություն:

«Տաս տարի անց» կամ «Փաշինյանի թավշյա ռեցիդիվը» հոդվածը, ինչպես նաև արդեն «Դե´, պարոն Դավթյան, դուխո´վ» հոդվածը աներկբա հանդիսանում են հաղորդումներ ՀՀ քրեական օրենսգրքի 155, 300, 300.1, 301, 301.1 և 315 հոդվածներով նախատեսված հանցագործությունների մասին: Սա հաղորդում է, պարոն Դավթյան, հաղորդում: Եվ դատախազությունը ուզի թե չուզի` պետք է կամ քրեական գործ հարուցի սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման, ինչպես նաև պաշտոնեական անփութության առթիվ, կամ քրեական գործի հարուցումը պատճառաբանված մերժի, կետ առ կետ մատնանշված հիմնավորելով, որ հոդվածներում մատնանշած դրվագներում կատարված արարքները ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ չեն պարունակում: Այդ դեպքում դատախազությունը պետք է իմ դեմ քրեական գործ հարուցեր զրպարտանքի կամ սուտ մատնության համար: Ու, քանի որ դա չէք արել, նաև Ձեզ, պարոն Դավթյան, նորից պաշտոնական անփութության համար:

Այնպես որ, ուզեք թե չուզեք,  որևէ որոշում պետք է կայացնել:

Չէ´, չկպավ, պարոն Դավթյան, չկպավ

Ինչպես ասվեց, ՀՀ դատախազությունը վերջ ի վերջո դուրս եկավ լետարգիայից և «դուխով» պատասխանեց իմ հոդվածին: Սակայն ՀՀ գլխավոր «դուխովիկի» սատրապի դուխը բավականացրեց միայն մի խղճուկ ու անմիտ նամակի համար ու ոչ մի դմփ-դմփոց, փոխարենը միայն մի «դուխով» ծվլտոց` իրավագիտության տեսակետից մի անմիտ խղճուկ գրություն, որը կարող էր միայն ծիծաղ առաջացնել, եթե այն տրված չլիներ լրջագույն պետական կառույցի տիտղոսաթերթի վրա, չունենար գրագետ ներկայանալու լուրջ հավակնություն, խոսքը չգնար պետությանն ու ժողովրդին վերաբերվող լրջագույն, ճակատագրական հարցին և կատարված լրջագույն պետական հանցագործության` երկրում սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման, ասել է թե` պետական հեղաշրջման և իշխանության բռնազավթման մասին:

Ուրեմն, թող ինձ ներվի, բայց ստիպված եմ լրջորեն պատասխանել այդ, իրենից առավելագույնս զվարճալիք ներկայացնող, գրությունը:

Նախ բերեմ այն ամբողջությամբ:

«Հայոց Տուն» կենտրոն

Իրավապաշտպան

Վարդան Պետրոսյանին

Հարգելի´ Վ. Պետրոսյան

«Yerevan.today» կայքէջում «Տասը տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը» վերտառությամբ 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հոդվածը քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսանում հետևյալ պատճառաբանությամբ.

  1. Ձեր հոդվածում վերլուծություններ են ներկայացված 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ, որի առիթով, հանրահայտ է, հարուցվել և մինչ օրս քննվում է քրեական գործ:
  2. Ձեր սուբյեկտիվ վերլուծություններն են ներկայացված նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ծավալված իրադարձությունների վերաբերյալ, որոնցով ևս հարուցվել և քննվել են քրեական գործեր:
  3. Նշված հոդվածը, բացի Ձեր սուբյեկտիվ դատողություններից ու ենթադրություններից, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նախապատրաստվող կամ կատարված որևէ արարքի հատկանիշների առկայությունը մատնանշող տվյալներ չի պարունակում:

Քրեական գործի հարուցման փուլին վերաբերող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Է.Կարապետյանի գործով 2007 թվական հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) հանցագործության մասին հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ:

Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց, մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն:

Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը: (...)»:

Վերահաստատելով Է. Կարապետյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը 2014թ. մայիսի 31-ի ԵԿԴ/0118/11/13 որոշմամբ արձանագրել է, որ քրեական գործ հարուցելու առիթ ասելով պետք է հասկանալ օրենքով սահմանված այն աղբյուրը, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին:

Միևնույն ժամանակ, հանցագործության մասին հաղորդումը, այդ թվում` լրատվության միջոցների, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի: Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին:

Նման պայմաններում այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով քննարկելու և լուծելու հիմքերը բացակայում են:

  

Հարգանքով` Արևիկ Խաչատրյան

ՀՀ դատախազության

հանրային կապերի բաժնի պետ                            

 

Ինչպես տեսնում եք, «Տաս տարի անց (…) հոդվածում բերված հինգ դրվագներին ոչ մի անդրադարձ կամ հերքում չկա, բայց և այնպես այդ հոդվածը, որպես քրգործ հարուցելու առիթ չի ընդունվում՝ երեք կետից բաղկացած պատճառաբանությամբ»:

Առաջինը՝ Ձեր հոդվածում վերլուծություններ են ներկայացված 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ, որի առիթով, հանրահայտ է, հարուցվել և մինչ օրս քննվում է քրեական գործ:»

Չէ՛, պարոն Դավթյան, չկպավ: Ախր, ո՞վ ասաց, որ հոդվածը հաղորդում է 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ ու հլը ինձ էլ հիշեցնեիք, որ «այդ առիթով, հանրահայտ է, հարուցվել ու մինչ օրս քննվում է քրեական գործ»: Ինչպես կասեր Նիկոլը, հանգիստ նստեք ձեր տեղը, հիշում ենք, չենք մոռացել, ինչպես չենք մոռացել նաև, որ նախկինում էլ էր նույն առիթով քրեական գործ էր քննվել, դատաքննություններ անցկացվել, մարդիկ են դատապարտվել, որ դատավճիռները առ այսօր չեն վերանայվել, չեն չեղարկվել, դատապարտյալներն առ այսօր չեն արդարացվել, իսկ ազատության մեջ են հայտնվել համաներմամբ միայն, որը կիրառվում է իրենց մեղքը ճանաչած դատապարտյալների նկատմամբ: «Տասը տարի անց (…)» հոդվածում հաղորդում է հանդիսանում «Դե՛, պարոն Դավթյան, դուխով» գլուխը, ուր ներկայացված են 2018թ. ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները և հենց այդ իրադարձությունների առիթով դուք պարտավոր եք քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունել: Որոշում, պարոն Դավթյան, որոշում ընդունել, բայց ոչ նամակներ գրել (ՀՀ քր. դատ. օրենսգիրք, հոդվածներ 27, 180, 181): Այստեղ առկա են նաև ՀՀ քր. դատ. օրենսգրքի 176 հոդվածով նախատեսված քրեական գործ հարուցելու բոլոր առիթները:

Կա լրատվական միջոցում հրապարակված հաղորդում (ՀՀ քր. դատ. օր. 176 հ. 2-րդ կետ), հաղորդումը արված իմ, որպես ֆիզիկական անձի կամ «Հայոց տուն» կենտրոնի, որը կնախընտրեք կողմից (ՀՀ քր. դատ. օր. 176 հոդված 1-ին կետ): Կա հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի (...) կողմից իրենց լիազորությունները իրականացնելիս հանցագործության նյութական հետքերի և հետևանքների մասին հայտնաբերված տվյալներ (ՀՀ քր. դատ. օր. 176 հոդված 3-րդ կետ): Չէ՞ որ հենց դատախազության գրության մեջ է նշված, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների առիթով քրեական գործեր են հարուցվել: Չէ՛, պարոն Դավթյան, նորից չկպավ, ստացվում է՝ այնուամենայնիվ, առիթը կար:

Դե եկեք փորձենք հասկանալ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու համար իմ հոդվածը որպես առիթ չհանդիսանալու պատճառաբանության երկրորդ կետը: Գուցե, երկրորդ ընթերցմամբ ստացվի: Եվ այսպես, մեջբերում. «Ձեր սուբյեկտիվ վերլուծություններն են ներկայացված նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ծավալված իրադարձությունների վերաբերյալ, որոնցով ևս հարուցվել և քննվել են քրեական գործեր»: Ինչ-որ մեկը ինչ-որ մի բան հասկացավ: Ես՝ ոչ: Չհասկացա: Եվ խնդրում եմ ինձ, անգրագետիս, պայծառամիտ դատախազը հասկացնի՝ այդ ո՞նց, ո՞ր խաղից, հոդվածում ներկայացված իմ «սուբյեկտիվ վերլուծութոյւնները 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում ծավալված իրադարձությունների վերաբերյալ» բերվում են որպես քրեկան գործ հարուցելու առիթ չհանդիսանալու պատճառաբանություն, սակայն դրանցով ևս հարուցվել և քննվել են քրեական գործեր:

Չէ՛, երկրորդ ընթերցմամբ էլ չստացվեց, չհասկացա: Լավ, ես ջհանդամ: Գոնե ինքը, ՀՀ գլխավոր դատախազը հասկանո՞ւմ է, կարո՞ղ է հոդաբաշ պարզաբանել, բացատրել, թե այդ ի՞նչ է գրված դատախազության այս երկու տողերում. ««Yerevan.today» կայքէջում «Տասը տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը» վերտառությամբ 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հոդվածը քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսանում հետևյալ պատճառաբանությամբ... Ձեր սուբյեկտիվ վերլուծություններն են ներկայացված նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ծավալված իրադարձությունների վերաբերյալ, որոնցով ևս հարուցվել և քննվել են քրեական գործեր»: Հը՞, պարոն Դավթյան, հիմա ի՞նչ, քրեական գործ հարուցելու առիթ չկա՞, քանի որ ներկայացված են իրադարձութոյւնների իմ սուբյեկտիվ վերլուծությունները, թե՞ առիթ, այնուամենայնիվ, կա և իմ հոդվածում ներկայացված իրադարձություններն օբյեկտիվորեն ծավալվել են, և «որոնցով հարուցվել և քննվել են քրեական գործեր»: Չէ՛, պարոն Դավթյան, էլի չկպավ: «և-և»-ը չի գործում: Այստեղ «կամ-կամ»-ի տեղն է: Ուզո՞ւմ եք, նորից կարդանք: Կամ առիթը կա, կամ չկա: Նորի՞ց կարդանք: Ես որ` պաս: Թե չէ, Աստված չարասցե, կդառնամ Իջևանի հայտնի հաստատության հաճախորդ: Չափը չանցնեք՝ ժողովուրդը մեղք է` ևս մեկ իջևանցու չի դիմանա:

Եվ վերջին, քրգործ չհարուցելու պատճառաբանության երրորդ կետը. «Նշված հոդվածը, բացի Ձեր սուբյեկտիվ դատողություններից ու ենթադրություններից, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նախապատրաստվող կամ կատարված որևէ արարքի հատկանիշների առկայությունը մատնանշող տվյալներ չի պարունակում»:

Բա՛, հասանք: Ուրեմն հոդվածում բերված հինգ կոնկրետ դրվագները, ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով նախատեսված արարքների մասին հաղորդումը, դա ընդամենը իմ սուբյեկտիվ դատողություններ ու ենթադրություններ են և ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածներով նախատեսված «որևէ արարքի հատկանիշների առկայությունը մատնանաշող տվյալներ չեն պարունակում»: Չէ՛, պարոն Դավթյան, հե´չ չկպավ:

Մեկ անգամ ևս ընթերցեք իմ «սուբյեկտիվ դատողություններն ու ենթադրությունները» և փորձեք վերջապես, հասկանալ, (փորձեք էլի, մարդ ես, մեկ էլ՝ ստացվի), որ դրանք միայն հաղորդում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ կատարելու մասին: Հաղորդում, պարոն Դավթյան, հա-ղոր-դում:

Մեջբերեմ «Տաս տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը հոդվածից իմ  «սուբյեկտիվ դատողություններն ու ենթադրությունները»»: Եվ այսպես, ես ենթադրում եմ, որ. «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած խմբի կողմից «դուխով» կազմակերպվեց հակակառավարական հասարակական անհնազանդության շարժում` սահմանադրական ճանապարհով ընտրված ՀՀ օրինական վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:

Վերջինիս հրաժարականից հետո, երբ շարժումը, կարծես թե, հասել էր իր նպատակին` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչը ակցիայի միակ պահանջն էր` «Մերժիր Սերժին», նրա կազմակերպիչներն ու մասնակիցները, թվում էր, թե պետք է բավարարված լինեին ու անհնազանդության ակցիան դադարեցնեին և Ազգային ժողովը պետք է նոր վաչապետ ընտրեր: Սակայն անհնազանդության շարժման առաջնորդ, Նիկոլ Փաշինյանն, իր նպատակին հասած ակցիան դադարեցնելու փոխարեն, շարունակեց այն, անմիջապես շրջանառության մեջ ներառելով նոր կարգախոս` «Վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի ընտրյալ թեկնածուն», անթաքույց ինքն իրեն ի նկատի ունենալով: Այս ամենը կլիներ օրինական (քաղաքացիները իրականացնում են ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը), եթե այդ կարծիքը (առաջին փուլում` Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, երկրորդ փուլում` հանրահավաքի մասնակիցների «ընտրյալ թեկնածու»-ին վարչապետ ընտրելու պահանջը) արտահայտվեր և անհնազանդության ակցիան, ընդհանրապես, իրականացվեր ՀՀ Սահմանադրության նորմերի պահպանմամբ, ՀՀ օրենքների շրջանակներում:

Իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած խմբի կողմից կազմակեպված և ղեկավարված անհնազանդության շարժումը ընթացել է ՀՀ Սահմանադրության նորմերի ոտնահարումներով և ՀՀ օրենքների բազմաթիվ խախտումներով:

Քաղաքացիական անհնազանդության ակցիան կազմակերպած և գլխավորած ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած խումբը կատարել են հետևյալ սահմանադրախախտումներն ու ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները:

  1. Ակցիայի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կոչերով և ուղղակի հրահանգներով Երևանում և հանրապետության այլ քաղաքներում փակվում էին փողոցները, ինչով ոտնահարվում էր քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 40): Դրանով ոտնահարվում էր նաև Սահմանադրությունում ամրագրված նորմը. «Մարդը ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները»: (ՀՀ Սահմանադրություն, հոդված 39): Ճանապարհների փակման հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկված են եղել իրենց աշխատատեղերը հասնելու հնարավորությունից, բազմաթիվ հիմնարկ- ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների աշխատանքները կաթվածահարվել են կամ կատարվել են ոչ լիարժեք: Կազմակերպված, փաստացի` ստիպողական, պարտադրված, հարկադրված գործադուլների և դասադուլների արդյունքում նյութական վնասներ են կրել ինչպես աոանձին քաղաքացիներ, այնպես էլ երկրի տնտեսությունն ընդհանրապես: Այսպիսով կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածով նախատեսված արարք` բռնություն գործադրելով (ճանապարհների փակման ձևով), մարդիկ պարտադրվել են մասնակցելու գործադուլին:
  2. Անհնազանդության ակցիայի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում բազմիցս հանդես է եկել ՀՀ վարչապետի պաշտոնին «ժողովրդի ընտրյալ թեկնածուին» ընտրելու կոչերով: Այն հանգամանքը, որ հանրահավաքի մասնակիցները ամենևին էլ ողջ ժողովուրդը չեն, այլ նրա մի մասնիկը միայն, որ վարչապետի թեկնածուն ներկայացվում է ոչ թե հանրահավաքի մասնակիցների, այլ ժողովրդի (այդ թվում նաև հենց հանրահավաքի մասնակիցների) ընտրյալների` Աժ պատգամավորների կողմից, հաշվի չեն առնվել: Հետևաբար վարչապետի պաշտոնում հանրահավաքի ընտրյալ թեկնածուին ընտրելու կոչերը իրենցից ներկայացնում էին ժողովրդի իշխանության իրականացման ձևերին վերաբերվող նորմերի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2) փաստացի վերացման կոչեր: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ կոչերը արվում էին փողոցների փակման, ինչպես նաև Աժ պատգամավորների հեռախոսահամարների և բնակության վայրի հասցեների հրապարակման (ինչը իրենից ուղղակի բռնություն գործադրելու սպառնալիք է ներկայացնում) պայմաններում, կարող ենք գրանցել, որ Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում «ժողովրդի (հանրահավաքի) ընտրյալ թեկնածուին» ընտրելու կոչերը իրենցից ներկայացնում էին բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելուն, կառավարության լիազորություններին տիրանալուն, սահմանադրական կարգը տապալելուն (Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման նորմերի փաստացի վերացմանը) ուղղված հրապարակային կոչեր, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 301): Ոտնահարվել է նաև հիմնարար իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակով օգտագործման արգելքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 77):

  3. Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորած անհնազանդության ակցիայի ընթացքում հրապարակվել են ԱԺ պատգամավորների անձնական տվյալները, հեռախոսահամարներն և բնակության վայրի հասցեները, ինչով ոտնահարվել է ՀՀ քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 34), ինչը իրենից պատգամավորների վրա ճնշումներ, բռնություն գործադրելու անթաքույց սպառնալիք էր ներկայացնում: Դրան պետք է գումարել փողոցների փակումով, այսինքն բռնությամբ, պատգամավորներին ազատ տեղաշարժվելու, աշխատանքի վայր հասնելու և իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկելը: Այսպիսով, բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվել և կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով նախատեսված արարք` Ազզային ժողովին պարտադրվել է ՀՀ նոր վարչապետի պաշտոնում ընտրել հանրահավաքի թեկնածուին, որը ձևականորեն ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» պատգամավորական խմբակցության անունից:

  4. Ճնշումներ և բոնություններ գործադրելու, (ճանապարհների փակում) բռնություն գործադրելու սպառնալիքի (պատգամավորների անձնական տվյալների հրապարակում) միջոցով Ազգային ժողովին պարտադրվեց վարչապետի պաշտոնում ընտրել սահմանադրությամբ չնախատեսված եղանակով, փաստացի հանրահավաքում ներկայացված անձին: Այսպիսով, փաստացի վերացվել և դադարեցվել է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման նորմերի գործողությունը, կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք` սահմանադրական կարգի տապալում (ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 300.1):
  5. Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած խումբը զավթել է իշխանությունը` բռնություն գործադրելու (ճանապարհների փակում) և բռնություններ գործադրելու, սպառնալիքի միջոցով (Աժ պատգամավորների հեռախոսահամարների ու բնակության վայրի հասցեների հրապարակում) ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով (հանրահավաքում վարչապետի թեկնածու առաջադրելը, պարտադրված գործադուլներն ու սաբոտաժը), տիրացել է կառավարության լիազորություններին, ինչով կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք` իշխանության յուրացում (ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 300):

    Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն, ոտնահարելով ՀՀ Սահմանադրության նորմերը, իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու կոչերով, կազմակերպել է այդ նպատակով զանգվածային ակցիաներ և գործողություններ, տապալել է սահմանադրական կարգը, բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, պարտադրելով Ազգային ժողովին ընտրություն կատարելու, տիրացել է վարչապետի լիազորություններին, յուրացրել է իշխանությունը»։

Հիմա ի՞նչ, այս ամենը տեղի չի՞ ունեցել. հաղորդված փաստերը ենթադրյա՞լ են, աչքի՞ս են երևացել: Ձեր աչքի՞ն էլ էր երևացել, որ խեղճ ու կրակ Նիկոլ էիք ձերբակալում, քրեական գործեր էիք հարուցում հրապարակներում մանկապատանեկան հավաքներում անմեղ դմփդմփալու, հույբույ անելու առիթով: Ողջ ժողովրդի աչքի՞ն էլ էր երևացել: Ո՞ւր էր, որ …

Լավ, ես ենթադրում եմ, որ Նիկոլը սահմանադրությունը տապալել և յուրացրել է, իսկ դուք ի՞նչ կասեք, հակառա՞կը: Չէ՜, պարոն Դավթյան, դուք իրոք դուխով եք: Դուխով ձեր պաշտոնեական անփութության հոդվածին գումարում են հանցագործության պառտակման հոդվածը:

Վերջում անդրադառնամ դատախազության նամակում բերված ոչ տեղին թքած-կպցրած «հիմնավորումներին:

Որպես հիմնավորման օրինակ է բերվում ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ. հուլիս 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշումը, որտեղ  «Քրեական գործի հարուցման փուլին վերաբերող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Է.Կարապետյանի գործով 2007 թվական հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշման մեջ` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) հանցագործությ»ան մասին հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ:

Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց, մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն:

Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը: (...)»:

Վերահաստատելով Է. Կարապետյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը 2014թ. մայիսի 31-ի ԵԿԴ/0118/11/13 որոշմամբ արձանագրել է, որ քրեական գործ հարուցելու առիթ ասելով պետք է հասկանալ օրենքով սահմանված այն աղբյուրը, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին»: 2007թ. նշված որոշումը կայացնելիս Վճռաբեկ դատարանը այդպես էլ վարվել է, և ուղղակի, համապատասխան բացատրություններ է արել իր որոշումը հիմնավորելու համար: Ուսումնասիրելով Վճռաբեկ դատարանի այդ որոշումը՝ գալիս ես միանշանակ այն եզրակացության, որ այն լրիվ այլ օպերայից է: Ինչպես և այդ քաղաքացիական գործի հանգամանքները ընդհանրապես: Էլի չկպավ, պարոն Դավթյան: Նույնիսկ այն դեպքում չի կպնում, եթե Վճռաբեկ դատարանի որոշումը տեղադրվեր Սահմանադրությունում, քանզի ձեր պաշտոնեական անփութության, որոշում չկայացնելու հետ այն կիլոմետրերով հեռու է:

Ինչ վերաբերվում է այս հատվածին. «Միևնույն ժամանակ, հանցագործության մասին հաղորդումը, այդ թվում` լրատվության միջոցների, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի: Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին:

Նման պայմաններում այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով քննարկելու և լուծելու հիմքերը բացակայում են»: Ապա այստեղ դուք վրիպեցիք, մեջբերումը պետք է չանեիք, քանի որ ունեք «քրեական գործ հարուցելու առիթների», «օրենքով սահմանված աղբյուրների» մի ամբողջ փունջ` լրատվամիջոց (Yerevan.today.am), ֆիզիկական անձ (ձեր խոնարհ ծառան), «Հայոց տուն» կենտրոնն էլ, որպես իրավաբանական անձ, ձեզ նվեր:

Նշենք նաև, որ օրենքը (ՀՀ քր. դատ. օրենսգիրք, 180 հոդված, 1 կետ) «գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում» 10-օրյա ժամկետ է սահմանում հանցագործության մասին հաղորդումները քննարկելու և լուծելու համար: Արդյո՞ք դատախազությունը  Yerevan.today-ի կայքէջում արված իմ հաղորդումը պատշաճ քննել է, բացակայո՞ւմ էին արդյոք դատախազության գրության մեջ մատնանշված քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող  «օրենքով սահմանված այն աղբյուրը, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին»: Չկայի՞ն նման աղբյուրներ: Մի կողմ թողնելով ձեր մեջբերված Վճռաբեկ դատարանի 2014թ. մայիսի 31-ի ԵԿԴ/0118/11/13 որոշման մեջ արձանագրված անհեթեթությունն առ այն, որ քրեական գործ հարուցելու առիթներ են հանդիսանում աղբյուրները, այլ ոչ դրանցից ստացված հաղորդումը, նշենք, որ այդ օրենքով սահմանված 2018թ. ապրիլ-մայիս և հոկտեմբեր ամիսներին քրեական գործ հարուցելու առիթ-աղբյուրները՝ լրատվամիջոցները՝ հեղեղված է հաղորդակցություններով՝ նյութերով և տվյալներով, հանցագործության՝  սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման, թե՛ նախապատրաստման, թե՛ կատարվող, և թե՛ կատարված լինելու մասին:

Գործ հարուցելու «առիթ–աղբյուր» էին նաև այն քրեական գործերի նյութերը, որոնք, ինչպես և դուք եք վկայում, հարուցվել են 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին ծավալված դեպքերի առթիվ:

«Առիթ–աղբյուրներ» էին այն տասնյակ և հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնք իրադարձությունների ականտեսներն էին: Ի՞նչ էք կարծում, պարոն Դավթյան, քանի՞ քաղաքացի Ն. Փաշինյանի և նրա գլխավորած խմբի կողմից կատարած սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման մասին տեղեկություններ և տվյալներ կհայտնեն, եթե դուք դիմեք վկայություններ տալու կոչով: Քանի՞ վկա և քանի՞ տուժող կարձագանքեր այդ կոչին: Ինչո՞ւ դա ինչպես արվեց մարտի 1-ի գործի պարագայում չարվեց և չի արվում: Իսկ ինչպե՞ս կվարվեք, եթե տեղի ունենա, ասենք Քոչարյան-Նիկոլ ռակիրովկա:

Ինչ վերաբերվում է հաղորդման վերացական կամ ընդհանուր բնույթի անընդունելիությունը, ապա այստեղ դժվար է չհամաձայնել: Դրա համար էլ հոդվածում բերված են կոնկրետ տվյալներ կոնկրետ հանցագործության մասին: Կոնկրետություն կմաղթեինք նաև ձեզ, դատախազությանը, երբ կոնկրետ որոշում կայացնելու կլինեք ձեզ հասցեագրված իմ կոնկրետ դիմումի կապակցությամբ.

Դիմումը ներկայացնում եմ ամբողջությամբ:

 

ՀՀ Գլխավոր դատախազ

Ա. Դավթյանին

«Հայոց Տուն» կենտրոնի նախագահ

Վարդան Պետրոսյանից

 Հայտնում եմ Ձեզ, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ ԱԺ պատգամավոր և նրա գլխավորած խմբի կողմից «դուխով» կազմակերպվեց հակակառավարական հասարակական անհնազանդության շարժում` սահմանադրական ճանապարհով ընտրված ՀՀ օրինական վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:

Վերջինիս հրաժարականից հետո, երբ շարժումը հասել էր իր հայտարարված նպատակին` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչը ակցիայի միակ պահանջն էր` «Մերժիր Սերժին», նրա կազմակերպիչներն ու մասնակիցները, թվում էր, թե պետք է բավարարված լինեին ու անհնազանդության ակցիան դադարեցնեին և Ազգային ժողովը պետք է նոր վաչապետ ընտրեր: Սակայն անհնազանդության շարժման առաջնորդ, Նիկոլ Փաշինյանն, իր նպատակին հասած ակցիան դադարեցնելու փոխարեն, շարունակեց այն, անմիջապես շրջանառության մեջ ներառելով նոր կարգախոս` «Վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի ընտրյալ թեկնածուն», անթաքույց ինքն իրեն ի նկատի ունենալով: Այս ամենը կլիներ օրինական (քաղաքացիները իրականացնում են ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը), եթե այդ կարծիքը (առաջին փուլում` Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, երկրորդ փուլում` հանրահավաքի մասնակիցների «ընտրյալ թեկնածու»-ին վարչապետ ընտրելու պահանջը) արտահայտվեր և անհնազանդության ակցիան, ընդհանրապես, իրականացվեր ՀՀ Սահմանադրության նորմերի պահպանմամբ, ՀՀ օրենքների շրջանակներում:

Իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած խմբի կողմից կազմակեպված և ղեկավարված անհնազանդության շարժումը ընթացել է ՀՀ Սահմանադրության նորմերի ոտնահարումներով և ՀՀ օրենքների բազմաթիվ խախտումներով:

Քաղաքացիական անհնազանդության ակցիան կազմակերպած և գլխավորած ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած խումբը կատարել են հետևյալ սահմանադրախախտումներն ու ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքները:

  1. Ակցիայի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կոչերով և ուղղակի հրահանգներով Երևանում և հանրապետության այլ քաղաքներում փակվում էին փողոցները, ինչով ոտնահարվում էր քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 40): Դրանով ոտնահարվում էր նաև Սահմանադրությունում ամրագրված նորմը. «Մարդը ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները»: (ՀՀ Սահմանադրություն, հոդված 39): Ճանապարհների փակման հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկված են եղել իրենց աշխատատեղերը հասնելու հնարավորությունից, բազմաթիվ հիմնարկ- ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների աշխատանքները կաթվածահարվել են կամ կատարվել են ոչ լիարժեք: Կազմակերպված, փաստացի` ստիպողական, պարտադրված, հարկադրված գործադուլների և դասադուլների արդյունքում նյութական վնասներ են կրել ինչպես առանձին քաղաքացիներ, այնպես էլ երկրի տնտեսությունն ընդհանրապես: Այսպիսով կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածով նախատեսված արարք` բռնություն գործադրելով (ճանապարհների փակման ձևով), մարդիկ պարտադրվել են մասնակցելու գործադուլին:
  2. Անհնազանդության ակցիայի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում բազմիցս հանդես է եկել ՀՀ վարչապետի պաշտոնին «ժողովրդի ընտրյալ թեկնածուին» ընտրելու կոչերով: Այն հանգամանքը, որ հանրահավաքի մասնակիցները ամենևին էլ ողջ ժողովուրդը չեն, այլ նրա մի մասնիկը միայն, որ վարչապետի թեկնածուն ներկայացվում է ոչ թե հանրահավաքի մասնակիցների, այլ ժողովրդի (այդ թվում նաև հենց հանրահավաքի մասնակիցների) ընտրյալների` Աժ պատգամավորների կողմից, հաշվի չեն առնվել: Հետևաբար վարչապետի պաշտոնում հանրահավաքի ընտրյալ թեկնածուին ընտրելու կոչերը իրենցից ներկայացնում էին ժողովրդի իշխանության իրականացման ձևերին վերաբերվող նորմերի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2) փաստացի վերացման կոչեր: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ կոչերը արվում էին փողոցների փակման, ինչպես նաև Աժ պատգամավորների հեռախոսահամարների և բնակության վայրի հասցեների հրապարակման (ինչը իրենից ուղղակի բռնություն գործադրելու սպառնալիք է ներկայացնում) պայմաններում, կարող ենք գրանցել, որ Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում «ժողովրդի (հանրահավաքի) ընտրյալ թեկնածուին» ընտրելու կոչերը իրենցից ներկայացնում էին բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելուն, կառավարության լիազորություններին տիրանալուն, սահմանադրական կարգը տապալելուն (Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման նորմերի փաստացի վերացմանը) ուղղված հրապարակային կոչեր, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 301): Ոտնահարվել է նաև հիմնարար իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակով օգտագործման արգելքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 77):
  3. Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորած անհնազանդության ակցիայի ընթացքում հրապարակվել են ԱԺ պատգամավորների անձնական տվյալները, հեռախոսահամարներն և բնակության վայրի հասցեները, ինչով ոտնահարվել է ՀՀ քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 34), ինչը իրենից պատգամավորների վրա ճնշումներ, բռնություն գործադրելու անթաքույց սպառնալիք էր ներկայացնում: Դրան պետք է գումարել փողոցների փակումով, այսինքն բռնությամբ, պատգամավորներին ազատ տեղաշարժվելու, աշխատանքի վայր հասնելու և իրենց պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկելը: Այսպիսով, բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվել և կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով նախատեսված արարք` Ազզային ժողովին պարտադրվել է ՀՀ նոր վարչապետի պաշտոնում ընտրել հանրահավաքի թեկնածուին, որը ձևականորեն ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» պատգամավորական խմբակցության անունից:
  4. Ճնշումներ և բոնություններ գործադրելու, (ճանապարհների փակում) բռնություն գործադրելու սպառնալիքի (պատգամավորների անձնական տվյալների հրապարակում) միջոցով Ազգային ժողովին պարտադրվեց վարչապետի պաշտոնում ընտրել սահմանադրությամբ չնախատեսված եղանակով, փաստացի հանրահավաքում ներկայացված անձին: Այսպիսով, փաստացի վերացվել և դադարեցվել է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման նորմերի գործողությունը, կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք` սահմանադրական կարգի տապալում (ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 300.1):
  5. Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած խումբը զավթել է իշխանությունը` բռնություն գործադրելու (ճանապարհների փակում) և բռնություններ գործադրելու, սպառնալիքի միջոցով (Աժ պատգամավորների հեռախոսահամարների ու բնակության վայրի հասցեների հրապարակում) ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով (հանրահավաքում վարչապետի թեկնածու առաջադրելը, պարտադրված գործադուլներն ու սաբոտաժը), տիրացել է կառավարության լիազորություններին, ինչով կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք` իշխանության յուրացում (ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 300):      Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն, ոտնահարելով ՀՀ Սահմանադրության նորմերը, իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու կոչերով, կազմակերպել է այդ նպատակով զանգվածային ակցիաներ և գործողություններ, տապալել է սահմանադրական կարգը, բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, պարտադրելով Ազգային ժողովին ընտրություն կատարելու, տիրացել է վարչապետի լիազորություններին, յուրացրել է իշխանությունը:
  6. Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած խումբը, արդեն վարչապետի և կառավարության անդամների կարգավիճակում 2018թ. հոկտեմբերի 2-ին կազմակերպել է քաղաքացիների չարտոնված հանրահավաք: Ն. Փաշինյանի և նրա գլխավորած խմբի դրդմամբ քաղաքացիների զանգվածները պաշարել են ՀՀ ԱԺ շենքը, որտեղ հերթական նստաշրջանի նիստ էր ընթանում: Ն. Փաշինյանի կողմնակիցների կողմից պատգամավորների հասցեին հնչում էին վիրավորանքներ, ինքը, վարչապետը հանրահավաքում ստորագրեց ԲՀԿ - ական և ՀՅԴ – ական նախարարների պաշտոնանկության հրամանները, ինչը ուղղակի ճնշում էր ՀՅԴ և ԲՀԿ պատգամավորական խմբակցությունների վրա: Պահանջը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին նշանակելն էր: Արդյունքում, ճնշումների և սպառնալիքների ներքո, այսինքն՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Ն. Փաշինյանի և նրա գլխավորած խմբի կողմից շրջափակման մեջ առնված Ազգային ժողովին պարտադրվել է ընդունել որոշում ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին:

Դեկտեմբերի 2-ին Ն. Փաշինյանի և նրա գլխավորած խմբի գործողությունների արդյունքում փաստացի վերացվել և դադարեցվել էր ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում ամրագրված ժողովրդի իշխանության իրականացման նորմերի գործողությունը, ինչով կատարվել է ՀՀ օրենսգրքի 301.1 հոդվածով նախատեսված արարք ՝ սահմանադրության կարգի տապալում:

Վերը նշված իրադարձությունները ներկայացվել են Հայաստանի Հանրապետության բոլոր ԶԼՄ–ներում, կա նաև ականատեսների բազմահազարանոց զանգված:

Այսպիսով Ն. Փաշինյանն ու նրա գլխավորած խումբը, ոտնահարելով ՀՀ Սահմանադրության նորմերը, սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպել են քաղաքացիների զանգվածային ակցիաներ և գործողություններ, տապալել են սահմանադրական կարգը և՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով պարտադրել են Ազգային ժողովին ընտրություն կատարելու և տիրացել են Կառավարության լիազորություններին, յուրացրել է իշխանությունը:

Ելնելով վերոգրյալից, «Հայոց Տուն» կենտրոնը դիմում է հղել դատախազությանը պահանջով` քննության առնել Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած խմբի կողմից ապրիլ-մայիս ամիսներին և 2018թ. հոկտեմբերի 2-ին կատարած, ՀՀ քրեական օրենսգրքի 155, 300, 300.1, 301, 301.1 հոդվածներով նախատեսված արարքները և քրեական գործ հարուցել այդ արարքների հատկանիշներով:

Վարդան Պետրոսյան

«Հայոց Տուն» կենտրոնի նախագահ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ