ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ. 798 մլն. 546 հազ. դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները պատվիրատուի անունից իրականացրել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն:
ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել «Արփա-Սևան» թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների ընդհանուր 4 մլրդ. 998 մլն. 360 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:
Նշված պայմանագրի ծավալաթերթ նախահաշվում և կատարողական ակտերում նշվել են հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու համար նախատեսված սպասարկման, մասնավորապես՝ թունելում օդափոխության, լուսավորության, ջրահեռացման, մարտկոցային էլեկտրաքարշերի լիցքավորման աշխատանքներ, որոնք իրականացվել են էլեկտրական սարքավորումներով, ընդունվել և վճարվել են պատվիրատուի կողմից:
Ուսումնասիրություններով պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում` մասնավորապես 2010-2018 թվականների բազմաթիվ կատարողական ակտերի գրառումներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ դրանցում նշված հզորությամբ էլեկտրական սարքավորումները չէին կարող ծախսել զգալիորեն, իսկ որոշ դեպքերում գրեթե կրկնակի պակաս էլեկտրաէներգիա, քան սահմանված է տվյալ հզորությամբ սարքերի՝ նշված ժամանակահատվածում աշխատանքի համար:
Նշված հանգամանքները վկայում են, որ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` օդափոխության շուրջ 591մլն. 933հազ. դրամի, ինչպես նաև մեկ այլ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` շուրջ 225 մլն. 324 հազ. դրամի սպասարկման, դրանց հետ կապված հիմնանորոգման մյուս աշխատանքները և դրանց համար կատարված վճարումները առերևույթ հիմնավոր չեն և կատարվել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի հիման վրա:
Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության 20.04.2006թ. որոշմամբ հաստատված՝ Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման վերաբերյալ ծրագրով Եղեգիսի շինարարական բազայում 2006-2008թթ. իրականացվել են շուրջ 390 մլն. դրամի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես` պետական բյուջեի միջոցներով կառուցվել են երկհարկանի վարչա-կենցաղային շենք, էլ. ենթակայանի շենք, լիցքավորման շենք, ճնշակայանի շենք, արհեստանոցի շենք, ցեմենտ-բետոնի շաղախման հանգույց և հիդրոհանգույցի 2 շենքեր:
Մինչդեռ հողատարածքը, որի վրա վերջիններս կառուցվել են, Վարդահովիտ համայնքի ղեկավարի 22.08.2005թ. որոշմամբ կազմակերպված մրցույթի արդյունքում 25 տարի ժամկետով գյուղատնտեսական նպատակներով վարձակալության է հանձնվել համայնքի բնակիչ Ա.Ս.-ին: Իսկ նույն համայնքի ղեկավարի 14.03.2006թ. որոշմամբ ուղղակի վաճառքով` 1 հա-ն 67.000 դրամով վաճառվել է վերջինիս: Իր հերթին Ա.Ս.-ն 08.11.2010թ. նշված հողատարածքը 4 մլն. դրամով վաճառել է ԲԲԸ-ին:
Պարզվել է նաև, որ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման կողմից Ա.Ս.-ին 02.11.2010թ. տրվել է միասնական տեղեկանք և կազմվել է նշված հողատարածքի ուրվագիծը` տեղազննում կատարելու նշումով, որոնցում կառուցված Եղեգիսի շինարարական բազայի շենք-շինությունների վերաբերյալ որևէ գրառում չկա:
Այսինքն` ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր են կազմվել և հանձնվել քաղաքացուն՝ վերջինիս պատկանող գույքը ԲԲԸ-ին օտարելու համար:
Բացի այդ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից դեռևս 2012թ.-ին արձանագրվել է Եղեգիսի կիրճում պետական ֆինանսավորմամբ կառուցված շենք շինությունների և արտադրամասերի պատվիրատուին չհանձնելու, փաստացի գրանցում չկատարելու փաստ: Սակայն, անգամ դրանից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել պետության խախտված իրավունքները վերականգնելու, պետական միջոցներով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում կառուցված շինությունները գույքագրելու, գրանցելու և տնօրինելու ուղղությամբ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ. շուրջ 390 մլն. դրամի գույքը տարիներ շարունակ գտնվում է այլ տնտեսվարող սուբյեկտի անվամբ գրանցված հողատարածքի վրա և օգտագործվում է այլ անձանց կողմից:
Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության, 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով ծանր հետևանքներ առաջացնելու, 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Բացի այդ, ՀՀ հաշվեքննիչ պալատից 01.04.2019թ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել ՀՀ ջրային պետական կոմիտեում իրականացված հաշվեքննությունների արդյունքները: Համաձայն դրանց` մասնավորապես արձանագրվել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրի Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների գնման պայմանագրով աշխատանքների նախագծում մեքենա-մեխանիզմի շահագործման ծախսերի հաշվարկման, միաձույլ բետոնի պատրաստման և հատակների մասով նախահաշվի չհիմնավորված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 660 մլն. 845 հազ. դրամ ծախսերի մասին:
Քրեական գործի քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների թվում կներառվեն նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով արձանագրված վերը նշված հանգամանքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը