Ապրիլի 30-ին վերաքննիչ դատարանը որոշեց, որ «Սպայկա» ընկերության տնօրենը կշարունակի կալանքի տակ մնալ։
Պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց․ «Նման որոշման չէինք սպասում: Հնարավոր է, որ մեր վստահորդի հետ խոսելուց հետո մոտ օրերս հանդես գանք ասուլիսով: Այս որոշումը գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ։
Ստացվում է, որ կա ենթադրյալ չվճարված հարկ և այդ հաշվարկը կազմվել է և ուղարկվել է փորձագետներին, փորձագետներն էլ ասել են՝ ճիշտ է, թե ոչ: Այս գործընթացին պաշտպանական թիմն ընդգրկված չի եղել, մեր աուդիտոր հաշվապահները չեն ընդգրկվել, որպեսզի հասկանանք պետությանը պատճառված վնաս առկա՞ է, թե՞ առկա չէ և եթե առկա է, ապա որքան է կազմում։
Ասվում է՝ Դավիթ Ղազարյանն ազատության մեջ մնալու դեպքում կխոչընդոտի քննությանը: Ստացվում է՝ մեր պահանջը, որ պետք է փորձաքննությանը ներկա լինենք և պետք է այդ փորձաքննությանը մեր փաստարկները ներկայացնենք, ներկայացվում է որպես քննությանը խոչընդոտելու ռիսկ»։
Պաշտպանի տպավորությամբ՝ իրենց իրավունքներից օգտվելը դիտվում է կալանքի հիմք: «Այսինքն, ասում են՝ քանի որ դու այս պահին առանց փորձաքննության տվյալները ստուգելու, առանց փորձագետներին ներգրավվելու անվերապահորեն չես ընդունում այդ փորձաքննության արդյունքները, ուրեմն պետք է նստես»,- եզրափակեց պաշտպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը