Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի: Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։
Մի քանի օր առաջ սահմանապահները Թուրքիայի տարածքում նկատել են Հայաստանի պետական սահմանին մոտեցող անձի:
Սահմանախախտն անցել է սահմանամերձ Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը, և փորձել է թաքնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից:
Հարցաքննության ընթացքում սահմանախախտը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է և նպատակ է ունեցել հասնել ԵՄ անդամ երկրներ:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր և բջջային հեռախոս:
Այս պահին իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը