15 04 2019

Չարաշահումների շարք՝ Ռանչպար գյուղում

Չարաշահումների շարք՝ Ռանչպար գյուղում

ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2002-2005թթ. ընթացքում Ռանչպար համայնքում իրականացված հողատարածքների օտարման և վարձակալության մրցույթների արդյունքում վարձակալությամբ տրամադրված հողատարածքներից 14-ի դեպքում համայնքապետարանում բացակայել են պայմանագրերի կնքման հիմքհանդիսացող փաստաթղթերը:  Հայտնաբերվել են պայմանագրեր, որոնք կնքվել են 1 հեկտարի համար սահմանված նվազագույն արժեքից ավելի ցածր գներով, ինչի արդյունքում համայնքի բյուջե պակաս է վճարվել 4.5 մլն ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ 2006-2007թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից «Ս...»  ՍՊԸ-ն և ֆիզիկական անձ Ա. Ս.-ին վարձակալությամբ տրվել են հատուկ նշանակության հողատարածքներ, որի ընթացքում վարձավճարների չափերի նկատմամբ դրսևորվել է կամայական մոտեցում. նույն ժամանակահատվածում հատուկ նշանակության տարբեր հողատարածքների վարձակալության պայմանագրով հողի յուրաքանչյուր հեկտարի համար խիստ տարբեր վարձավճարի չափեր են սահմանվել: Արդյունքում 2006-2019թթ. ընթացքում համայնքի բյուջե այդ մասով վճարվել է մոտ 6մլն դրամի չափով պակաս գումար:

Բացի այդ, Ռանչպար համայնքի ղեկավարի 03.07.2008թ. որոշումներով, ավազի արդյունահանման նպատակով, նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն վարձակալությամբ տրամադրված հատուկ նշանակության հողատարածքներից 0.5-ական հեկտարի նշանակությունը փոփոխվել է արդյունաբերական, ընդերքաօգտագործման և այլ նշանակության:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ Արաքս գետի ձախ ափի ավելի քան 3 կմ երկարությամբ տարածքում հայտնաբերվել են տարբեր ժամանակահատվածներում գետավազի արդյունահանման արդյունքում առաջացած տարբեր լայնություններով և ավելի քան 4 մետր խորությամբ հանքախորշերի տեսքով բազմաթիվ փորվածքներ: Դրանց մակերեսները բազմակի անգամ գերազանցել են նշված ՍՊԸ-ին և քաղաքացուն տրամադրված՝ ընդհանուրը՝ 1 հեկտար արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքների մեկերեսները:

2006-2007թթ. ընթացքում համայնքի ղեկավարի կողմից անցկացվել են առերևույթ ձևական բնույթ կրող աճուրդներ, որոնց արդյունքում համայնքի ղեկավարի մերձավորը համայնքի տարածքում ձեռք է բերել շուրջ 39 հա հողատարածքներ, որից շուրջ 6 հեկտարը՝ ձկնաբուծության նպատակով, 33 հեկտարը՝ գյուղմթերքների արտադրության նպատակող և 0.3 հեկտարը՝ բնակելի կառուցապատման նպատակով: Վերոգրյալ բոլոր դեպքերում աճուրդների մեկնարկային գները սահմանված են եղել կադաստրային արժեքների 30-ից 50 տոկոսի չափով:

Պարզվել է նաև, որ Ռանչպար համայնքի ղեկավարի կողմից «Վ...» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է 9.36 հա մեկերեսով հողատարածք: Վերջինիս հատակագծի, օրթոլուսանկարների և կադաստրային քարտեզի համադրման արդյունքում պարզվել է, որ ընկերությանը տրամադրված  հողատարածքին սահմանակից այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող շուրջ 7.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ենթարկվել են որակական փոփոխությունների և չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև խախտումներ համայնքի կողմից կատարված գնումների գործընթացների, բյուջետային ծախսերի, ինչպես նաև համայնքում բնակվող խիստ կարիքավոր ընտանիքներին համայնքի բյուջեից տրամադրվող սոցիալական հատուկ ծառայությունների վճարների ծախսերի տնօրինման ոլորտներում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Արարատի մարզի Ռանչպար համայնքի տարածքում տնտեսվարող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, նախագծային շեղումներով և առանց պայմանագրի ընդերքի օգտագործման, ինչպես նաև  համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ