11 04 2019

Դե ուրեմն՝ վերաբացեք 7-ի գործը․ Հայկ Ալումյանը՝ դատախազությանը



Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված է, 2008 թվականին գոյություն չուներ, իսկ 2008 թվականին գոյություն ունեցող 300-րդ հոդվածի համեմատ անձի վիճակը վատթարացնող հոդված է, հետևաբար՝ չի կարող մեղսագրվել Ռոբերտ Քոչարյանին բոլոր պարագաներում։ Այս մասին վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ «Մենք օրինակ էինք բերել, որ 7 անձի նկատմամբ՝ Մյասնիկ Մալխասյան, Ալեքսանդր Արզումանյան և այլն, նույն դատախազությունը 2009 թվականին  քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում էր կայացրել՝ հենց հիմք ընունելով այդ հանգամանքը, որ վիճակը վատթարացնում է։ Մենք հիմնվում ենք սրա վրա։ Բայց դատախազը խստագույնս քննադատեց էն դատախազներին, ովքեր 2009 թվականին այդ որոշումն են կայացրել, այդ որոշումը  քննադատեց ու ասաց՝ չեմ հասկանում ինչո՞ւ են էն ժամանակ էդպիսի որոշում կայացրել։ X դատախազը դատարանում իր անունից չի հանդես գալիս, դատախազը հանդես է գալիս դատախազության անունից։ Եվ այն ժամանակ վեց դատախազները, որ համարում էին, որ վիճակը  վատթարացնող նորմ է, նրանք էլ էին դատախազության անունից հանդես գալիս։ Ի՞նչ է ստացվում, դատախազությունն այսօր ասում է, թե ինքը չի հասկանում՝ ինչո՞ւ 2009 թվականին դատախազությունն էդպիսի որոշում է կայացրել։ Անհեթեթության գագաթնակետին ենք երևի հասել, բայց տեսնում եք, որ  այս ամենով հանդերձ, մեր դատարանները շարունակում են ենթարկվել էն սկզբունքին, որ գործի նյութերը ուսումնասիրի, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս։ Այ էս սկզբունքն է մինչև էսօր գործում։ Ուզեն-չուզեն՝ կալանքը տալիս են՝ անկախ նրանից՝ գործի նյութերում ինչ կա, ինչ չկա»,- ասաց Հայկ Ալումյանը։

«2009 թվականին ոչ դեմոկրատական իշխանություններ էին, և 7 կարկառուն ընդդիմադիրների մասին էր խոսք գնում․ ու այդ ոչ դեմոկրատական իշխանություններն այդ 7 ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործը դադարեցրին՝ ասելով, որ 300․1 հոդվածը վիճակը վատթարացնող է, հետևաբար թեև իրենք ընդդիմաիդր են, բայց մենք դադարեցնում ենք, որովհետև չենք կարող քրեական օրենսգրքի պահանջներին հակառակ գնալ։ Հիմա մեր թավշյա և դեմոկրատական իշխանությունն ասում է՝ չէ, պետք է 300․1 հոդվածը կիրառել։ Դատախազությունը գալիս է ու ասում՝ չէ, էն ժամանակ սխալ էին։ Սխալ են՝ դե վերաբացեք 7 հոգու գործը։ Վերաբացեք, եթե այդպես է։ Էնտեղ մարդիկ կան, որոնց ուղղակի մեղադրանք էլ չի առաջադրվել, որովհետև դատախազությունը համարում էր, որ վիճակը վատթարացնում է։ Հիմա եթե ուրիշ ձև են համարում, թող ուրեմն մեղադրանք առաջադրեն նրանց, ում ժամանակին մեղադրանք էլ առաջադրված չի եղել, որովհետև եղել  է դիրքորոշում, որ վիճակը վատթարանում է։ Ու դուք կտեսնեք, թե քանի հոգու պետք է մեղադրանք առաջադրվի ու ինչ պաշտոններ են հիմա զբաղեցնում։ Ու կզարմանաք»,- եզրափակեց Ալումյանը։

 

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները մերժվել են, շարունակելու է մնալ կալանքի տակ։ Որոշումը վերաքննիչ դատարանը հրապարակեց ապրիլի 11-ին։ «Մերժվել է նաև դատախազների բողոքը, բայց դա այս պահին մեզ համար այդքան էական չէ։

Մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ դատարանն անտեսելով բոլոր հնարավոր նորմերը, որ կարելի էր անտեսել, որոշեց պարոն Քոչարյանին շարունակել պահել կալանքի տակ»,- ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ