11 04 2019

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ Փաստաբանները բողոքարկելու են վճռաբեկ



«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները մերժվել են, շարունակելու է մնալ կալանքի տակ։ Երևի դատախազներն իրենց ուրախությունը կիսել են ձեզ հետ»,- վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո ասաց Հայկ Ալումյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Մերժվել է նաև դատախազների բողոքը, բայց դա այս պահին մեզ համար այդքան էական չէ։

Մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ դատարանն անտեսելով բոլոր հնարավոր նորմերը, որ կարելի էր անտեսել, որոշեց պարոն Քոչարյանին շարունակել պահել կալանքի տակ»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե ինչպե՞ս արձագանքեց որոշմանը Ռոբերտ Քոչարյանը, Ալումյանն ասաց․ «Պարոն Քոչարյանը շատ ավելի հանգիստ արձագանքեց, քան իր պաշտպանները»։

Փաստաբանն ասաց, որ որոշումը ստանալուց հետո փաստաբանները կբողոքարկեն․ «Առաջին ատյանի դատարանի որոշումն առհասարակ որևէ պատճառաբանություն չէր պարունակում, և մեր բողոքներից մեկի հիմքն ամբողջությամբ հենց դա էր, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է ընդհանրապես չպատճառաբանված դատական ակտ։ Բայց վերաքննիչ դատարանի վրա դա տպավորություն չթողեց։ Վերաքննիչ դատարանը գտավ, որ կարելի է ընդհանրապես չպատճառաբանելով՝ անձին շարունակել պահել կալանքի տակ»։

Լրագրողի հարցին, թե նախաքննությունն ավարտվել է, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ինչպե՞ս պետք է խոչնդոտի նախաքննությանը, Հայկ Ալումյանն ասաց․ «Դուք շատ ավելի լավ եք պատկերացնում, քան դատարանները։ Եվրոպական դատարանը, ի դեպ, այդ տեսակետն է կիսում, որ միայն քննության սկզբնական փուլերում է քննությանը խոչընդոտելու հավանականությունն էական դեր խաղում։ Քննության ավելի ուշ փուլերում արդեն դեր չի խաղում։ Դուք իրավաբանական կրթություն չունենալով՝ շատ ավելի մոտ եք եվրոպական դատարանի դիրքորոշումներին, քան մեր ներպետական դատարանները»։

«Մենք ընդհանրապես բանակցություններ ոչ վարել ենք, ոչ վարելու ենք, մենք ներկայացրել ենք միջնորդություն, որ դատարանի որոշումը մերժվի, բողոքարկել ենք, բողոքը մերժվել է»,- ասաց փաստաբանը։

Նա նաև ասաց, որ գործի նյութերին ծխանոթանալու այդ ընթացքում չի գտել նյութ, որը դուրս է գալիս մինչ այս իմացածների շրջանակից․ «Մեր բոլոր սպասելիքները, կապված քրեական գործի տվյալների հետ, արդարանում են հետզհետե։ Ցանկացած բան, որը մենք մինչ այս պնդել ենք, վերստին հաստատվում է քրեական գործի այս կամ այն նյութով»։

Ինչ վերաբերում է դատախազների հակափաստարկներին, Ալումյանն ասաց․ «Օրինակ դատախազների փաստարկներից մեկը կայանում էր նրանում, որ իրենք 0038 հրամանի մասին իմացել են ընդամենը մեկ տարի առաջ և դրա համար սկսել են այս հանգամանքները բացահայտել։ Մոտավորապես էս մակարդակի իրավական վեճ է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ