10 04 2019

Դատախազությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել «Արմավիր» ՔԿՀ-ում

Դատախազությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել «Արմավիր» ՔԿՀ-ում

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ընթացող՝ պահվող անձանց իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ուսումնասիրությունների շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում:

Դատախազությունից հայտնում են, որ ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ փաստվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում եւս տարածված է խցերում անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատելու, առանձին դեպքերում՝ կերակրադռնակները ներսի կողմից կպչուն ժապավենով փակելու երեւույթը։ Մի շարք խցերում եղել են ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ: Պատժախցերը եւ կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով:

Խախտումներ են արձանագրվել տեսազանգից եւ զբոսանքի ժամից դատապարտյալների եւ կալանավորված անձանց օգտվելու ժամանակացույցերի սահմանման, հեռախոսակապից օգտվելու գործընթացի հաշվառման, տեխնիկատնտեսական սպսարկման աշխատանքներում դատապարտյալների ներգրավման պահանջների պահպանման, այդ աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքների ժամաքանակի եւ որակի նկատմամբ իրականացվող հսկողության ընթացակարգերի ապահովման, դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման ոլորտներում:

Չի ապահովվել առանձնակի դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած դատապարտյալներին որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ հաշվառելու գործընթացը, ինչն անհրաժեշտ է նրանց հետ թիրախավորված սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնելու համար:

Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանները, չնայած ՔԿՀ շենքային ոչ բարվոք վիճակին, հիմնականում համապատասխանել են սահմանված չափանիշներին: Այս ոլորտում խնդիրները կապված են եղել պահվող անձանց տարեկան բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պարտադիր պահանջի կատարման, բժշկական սպասարկման բաժնում հերթապահության ժամանակացույցի ապահովման, ՔԿՀ ԲՍԲ-ի ստացիոնար բաժանմունքում բուժման մեջ գտնվող հիվանդների նկատմամբ, հաստիքների բացակայության պատճառով, գիշերային անբավարար հսկողության հետ:

Պարզվել է նաև, որ բավարար չափով չի ապահովվել ԲՍԲ մասնագետների կողմից ՔԿՀ-ի պատժախցերում գտնված եւ հացադուլ իրականացնող անձանց կանոնավոր, առանց տևական ընդհատումների այցելելու պահանջը:

Ստուգման արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը ՔԿՀ-ում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: Քննարկվել են ստուգմամբ արձանագրված խախտումները, դրանց ուղղման հնարավոր միջոցները։ Արձանագրվել է, որ ի հայտ բերված խախտումների մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում: Խորհրդակցության արդյունքներից ելնելով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի կողմից ձեռնարկվել են միջոցներ՝ խախտումների մյուս մասը հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու, հետագայում դրանք բացառելու նպատակով։

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից ընդգծվել է ՔԿՀ-ում պահվող անձանց զբաղվածության ապահովման ոլորտում ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը և էական դրական տեղաշարժը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ