Հետաքրքիր է, քանի տարբեր կարծիքներ կարող է ունենալ պետական մի մարմինը: Այս մասին ապրիլի 9-ին մինչ քննությունը սկսելը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարության մասին: Խաչատրյանն ասել էր՝ Քոչարյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ, հակառակ դեպքում կխոչընդոտի ճշմարտության բացահայտմանը:
«Օրինակ քննիչն այստեղ է ու պնդելու է այն տեսակետը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինելով ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, այլև պնդում են, որ կարող է թաքնվել քննությունից: Դատախաությունը վերաքննիչ բողոք է բերել և պնդել է, որ պարոն Քոչարյանը ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, այլև կարող է թաքնվել քննությունից: Պարոն Սասուն Խաչատրյանը հայտարարություն է անում ու նշում, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը ու ոչինչ չի ասում այն պնդման մասին, որ կարող է իբր թաքնվել քննությունից: Այսինքն դեռ իրար մեջ էլ չեն որոշել, թե ինչ են համարում»,-ասաց Ալումյանը:
Փաստաբանի պնդմամբ, իրականությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ կխոչընոդտի, ոչ էլ կթաքնվի քննությունից: Հիշեցրեց, որ դա հաստատված է համարել նաև ընդհանուր իրավասության դատարանը:
«Պարոն Քոչարյանը օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը մնացել է ազատության մեջ և չի կատարել այնպիսի գործողություն, որից կարելի էր ենթադրել, որ նա մտադիր է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել դրանից: Այդ ամեն ինչը ասվում է՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելու համար: Իրականում նրանցից ոչ մեկ չի համարում, որ պարոն Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը: Այդ ամեն ինչն ասվում է հասարակությանը մոլորության մեջ գցելու և նրան կալանքի տակ թողնելու համար»,-պնդեց Ալումյանը:
Փաստաբանն ընդգծեց, կալանքի տակ մնալը կամ չմնալը չպետք է պայմանավորված լինի այն հանգամանքով, թե ժողովուրդն ինչ է մտածում այդ մասին:
«Բոլորս հարգում ենք ժողովրդի կարծիքը, և ժողովրդավարությունը բոլորիս համար մեծ արժեք է: Բայց ժողովրդավարությունն այն չէ, երբ ժողովուրդը որոշում է՝ էս մարդը մնա կալանքի տակ, կամ չէ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը