ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանող նախագիծ: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքից:
Ապահովագրությունը իրականացվում է պետական բյուջեի հաշվին:
Ապահովագրական հատուցման չափը սահմանվում է՝
ա) առաջին խմբի հաշմանդամին՝ 3500000 դրամ,
բ) երկրորդ խմբի հաշմանդամին՝ 2250000 դրամ,
գ) երրորդ խմբի հաշմանդամին՝ 1000000 դրամ:
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական 57-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք, որը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից:
Հարկ է նշել, որ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորների համար մի շարք սոցիալական երաշխիքներ նախատեսված են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով: Թեպետ վերջինս ամրագրում է պետական պաշտոն զբաղեցրած անձի, այդ թվում՝ դատավորի մահանալու (զոհվելու) դեպքում պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, այն է՝ 4500000 դրամ, սակայն չի նախատեսում դատավորի՝ դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում ապահովագրության պայմանները և չափը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը