Ռուս սահմանապահները Հայաստանի ոստիկանության աշխատակիցների հետ «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստանի տարածք թմրանյութ տեղափոխելու հերթական փորձը: Այս մասին հայտնել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։
Մարտի 30-ին Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղամիջոցներով 19 փաթեթ, որոնք պարունակել են ուժեղ ազդեցություն գործող թմրանյութ:
Վերոնշյալ անձը և հայտնաբերված իրերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի իրավասու մարմիններին՝ փորձաքննություն անցկացնելու և միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Նշվում է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում հայ-իրանական սահմանի անցակետում կանխվել է Հայաստանի տարածք թմրանյութ և հոգեմետ դեղամիջոցներ տեղափոխելու ավելի քան 10 փորձ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածք թմրանյութեր տեղափոխելու փորձեր չեն եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը