ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության պրակտիկան և դրա վրա նախնական կալանքին վերաբերող միջնորդությունների հիմնավորվածության և իրավաչափության միասնական չափանիշների կիրառման արդյունավետության բարձրացմանն ուղղված դատախազության կոլեգիայի որոշումների ազդեցությունը:
Վերլուծությունը ցույց է տվել, որ 2018թ. ընթացքում քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5228 անձ, որոնցից միայն 875-ի կամ 16,7%-ի վերաբերյալ է դատարան ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: (Թվային տվյալների մեջ ներառված չեն ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) քրեական հետապնդումների ցուցանիշները):
Ընդ որում՝ 2018թ. քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նախորդող տարվա համեմատ 368-ով կամ 7%-ով ավելի անձ: Չնայած դրան խափանման միջոցներից կալանավորման կիրառման միջնորդությունների տեսակարար կշիռը 2017թ. համեմատությամբ գրեթե չի փոխվել՝ մնալով 16.5-16.7%-ի միջակայքում, ինչն ըստ էության պետք է գնահատել որպես նշված խափանման միջոցի կիրառման միջնորդությունների նվազում:
Ներկայացված 875 միջնորդությունից բավարարվել է 808-ը կամ 92,3%-ը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 803 միջնորդություններից բավարարվել է 727-ը կամ միջնորդությունների 90.5%-ը: Այսինքն՝ միջնորդությունների բավարարման ցուցանիշն անցած տարվա ընթացքում բարելավվել է գրեթե 2 տոկոսային կետով:
Հարկ է ավելացնել, որ 2018թ. ընթացքում դատախազի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը վերացվել է 51 անձի նկատմամբ, որը 17-ով կամ 50%-ով ավելի է 2017թ. ընթացքում դատախազի որոշմամբ կալանքից ազատված անձանց թվից:
2018թ. ընթացքում դատախազի կողմից հետ է վերցվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ մեղադրյալի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին քննիչի 8 միջնորդություն՝ 2017թ. արձանագրված՝ 5 միջնորդության դիմաց, այսինքն՝ աճը կազմել է 37,5%:
2018թ. դատարան ներկայացված՝ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ 67 դատական ակտերից 52-ի կամ 77,6%-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որից 20-ը կամ 38,4%-ը բավարարվել է:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու կամ միջնորդության քննության արդյունքում գրավ կիրառելու մասին դատական ակտերի բողոքարկման արդյունավետության ցուցանիշի փաստացի ավելի քան 52 տոկոսով բարելավում: Մասնավորապես, եթե 2017թ. բավարարվել են նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքներից 25-ը, ապա 2018թ.՝ 38-ը:
ՀՀ դատախազության կողմից անցնող տարում մշտական ուշադրության կենտրոնում է պահվել առանց բավարար հիմքերի մեղադրյալին անազատության մեջ պահելը բացառելու և մեղադրյալի՝ անազատության մեջ գտնվելու հիմքերի առկայության պայմաններում նրա՝ ազատության մեջ չհայտնվելու և, ըստ այդմ, նախաքննության շահի լիարժեք ապահովման հարցերը:
Այս շրջանակում 2018թ. ընթացքում դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին 808 միջնորդություն, որից բավարարվել է 793-ը կամ 98,2%-ը: Ընդ որում, այս միջնորդությունների բավարարման ցուցանիշը ևս բարելավվել է. եթե 2017թ. բավարարվել է քննիչի կողմից ներկայացված նման միջնորդությունների 94.2%, ապա նախորդ տարի՝ 98.2 տոկոսը:
Ընդհանուր առմամբ ներկայացված տվյալները վկայում են նախորդ տարվա համեմատ 2018թ. դրսևորված մի քանի անշեղ միտումների մասին:
Շարունակվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին բավարար չափով հիմքեր չունեցող միջնորդություններ ներկայացնելուց առավելագույնս հրաժարվելու գործընթացը, ինչով պայմանավորված է առավել շատ մեղադրյալների առկայության պայմաններում այս խափանման միջոցի կիրառման միջնորդությունները չավելանալու իրողությունը:
Շարունակվել է ավելանալ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների բավարարման թվաքանակի աճը, ինչը պայմանավորված է միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացմամբ: Այդ մասին է վկայում նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքների բավարարման դեպքերի կտրուկ՝ ավելի քան 50 տոկոսով ավելացումը:
Դատախազների կողմից դրսևորվել է առավել հետևողականություն՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին անհիմն միջնորդությունների քննությունը կանխելու կամ առանց անհրաժեշտության անձի՝ կալանքի տակ մնալը բացառելու հարցերում: Վերջինս դրսևորվել է դատախազների կողմից դատարաններից
ավելի մեծաթիվ միջնորդություններ հետ վերցնելով, ինչպես նաև նրանց կողմից խափանման միջոց կալանավորումը վերացնելու ավելի մեծ թվով որոշումներ կայացնելով:
Չնայած ներկայացված արդյունքները դեռևս չեն կարող լիովին բավարարել ՀՀ դատախազության սպասելիքները, այսուհանդերձ, դրական զգալի դինամիկա պարունակելով՝ կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության հիմնավորվածության և իրավաչափության ապահովման նպատակով ՀՀ դատախազության կողմից մշակված միասնական չափանիշների կիրառման ուղղակի հետևանք են: Դրանք վկայում են, որ միջնորդությունները ներկայացնելիս այդ միասնական չափանիշները ուղեցույցի դեր են կատարում՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծելով անհիմն միջնորդությունների պրակտիկայից հրաժարվելու, մեղադրյալի նկատմամբ կալանավորում խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը վկայող պայմանները և հիմքերը միջնորդություններում հնարավորինս առարկայական և փաստարկված ներկայացնելու հստակ և միասնական գործելաոճը վերջնականապես արմատավորելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը